Եթե շատ թեստեր արվեն, արդեն մոտավոր կսկսենք հասկանալ, թե ինչ է կատարվում

Lragir.am-ի զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը Պարոն Բադալյան, վերջին օրերին Հայաստանում հաստատվող կորոնավիրուսի դեպքերը նվազման միտում են դրսևորում: Կարո՞ղ ենք ասել, որ վտանգավոր շեմը  հաղթահարել ենք: Քանի որ հիվանդության ընթացքը նաև առանց ախտանշանների կարող է լինել, և մինչև սիմպտոմների ի հայտ գալը մարդ կարող է վարակը փոխանցել, այդ տեսանկյունից մի քիչ յուրահատուկ է դառնում այս վարակը, որ մենք կարող է հիվանդների իրական պատկերը չունենանք: Չի բացառվում, որ իրականում չիմանանք, թե ինչքան հիվանդ կա, հիվանդների ինչ-որ քանակ բաց թողնենք: Այդ դեպքում մեծ քանակի թեստավորումն ավելի նպատակահարմար կլինի, որի միջոցով կհասկանանք, թե իրականում ինչ պատկեր ունենք: Եթե մենք չունենք հստակ թիվ, ոչինչ չենք կարող ասել: Միգուցե սա է իրական թիվը, բայց, կրկնում եմ, ելնելով հիվանդության ընթացքից, չի բացառվում, որ ավելի մեծ թիվ կարող է լինել: Երբ այդ իրական թիվն ունենանք, այդ դեպքում կարող ենք ասել՝ իրականացվող միջոցառումներն արդյունավետ են, թե ոչ: Բայց կարո՞ղ ենք հստակ ասել, որ սա իրական պատկերը չէ: Ոչ, չենք կարող այդպես ասել, որովհետև դա պետք է հաստատվի կամ հերքվի մեծաքանակ թեստավորման արդյունքում: Հայտարարվեց, որ փորձում են համատարած թեստավորման համակարգը ներդնել, արդեն ուրբաթ օրվանից փորձելու են օրական 1000 թեստ անցկացնել: Դա՞ է իրական վիճակը պարզելու ճանապարհը: Այո, բայց այստեղ լոգիստիկ շատ հարցեր կան՝ ի՞նչ որակի թեստ, տարբեր խնդիրներ կան: Ես տեղյակ չեմ, թե ինչ թեստեր են բերվում, և մասսայական թեսատավորումն ինչպես է կազմակերպվելու: Ռիսկի խմբերի՞ն են սկզբում թեստավորելու՝ ի դեմս բժիշկների ու մեծահասակների, թե ոչ: Մինչև այսօր մեծամասամբ ընտրովի թեստավորում է իրականացվում: Եթե այդ շեմն իջեցվի, ավելի շատ թեստեր արվեն, արդեն մոտավոր կսկսենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Իրական պատկերը միայն այդ դեպքում կարող ենք ունենալ՝ հաստատել կամ հերքել այսօրվա թվերը: Այսօր ներկայացվում է այն թիվը, որը սելեկտիվ թեստավորման արդյունքում է ստացվում: Դա նորմալ է, ընդունում ենք, բայց հիվանդության ընթացքից կարող ենք ենթադրել, որ դեպքեր կան, որոնք մենք բաց ենք թողնում: Եթե մենք ուրբաթ օրվանից սկսենք մեծ քանակի թեստեր անել, և եթե հիվանդների քանակը բարձրացավ, ինչը ենթադրվում է, կստացվի, որ նախքան կարանտինն ավելի քիչ դեպքեր ունեինք, կարանտինի ժամանակ դեպքերն ավելացան: Բայց իրականում դեպքերը ոչ թե ավելացան այն պատճառով, որ մենք կարանտինը լավ չենք իրականացնում, այլ որովհետև թեստերը շատացան: Մի կողմ դնենք հարցը՝ կարանտինը լավ ենք իրականացնում, թե ոչ, ես կարծում եմ՝ ռեժիմային բոլոր միջոցառումները պատշաճ իրականացնում ենք: Շատ կարևոր է ելակետային թիվ ունենալը: Ընդ որում, շատ կարևոր է, որ այդ թեստավորումը կայուն իրականացվի՝ թեստն անում ես, այսքան դեպք ես բացահայտում: Դրան զուգահեռ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում ես և տեսնում ես, որ իրավիճակը կայունանում է, հետո թվերն սկսում են իջնել: Այս տրամաբանությունը պետք է գործի: Եթե մի բան խախտվեց, ինչպես այս պահին մեր պարագայում է, իրական պատկերը չի լինի: Մենք թվեր ենք գրանցել, միջոցառումներ ենք իրականացրել, հիմա նոր սկսում ենք թեստավորում, այդ դեպքում կապը մի փոքր կորում է: Հետևաբար, այս պահին գնահատականներ տալն ու կանխատեսումներն անելն ինձ համար դժվար է: Ձեր կարծիքով՝ որ դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և Հայաստանի դեպքում նման վտանգ կա՞: Ես ենթադրում եմ, որ վերահսկողությունից դուրս գալն այն է, ինչ եղավ Իտալիայում ու Իսպանիայում: Այսինքն՝ երբ առողջապահական համակարգի մասնավորապես բուժական մասը չի հասցնում սպասարկել հիվանդներին: Իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու թիվ մեկ վտանգը դա է: Երկրորդն այն է, երբ կոնտակտավորներին, վարակի աղբյուներին չեն կարողանում հայտնաբերել բոլոր շղթաներով: Բայց այն պարագայում, երբ հիվանդության նկատմամբ արդեն որոշակի իմունիտետ ձեռք բերվի, ինքնըստինքյան իր իմաստը կսկսի քիչ-քիչ կորել, որովհետև մարդիկ արդեն հիվանդանում-առողջանում են: Դա համար կարևոր է, որ ժամանակ շահենք: Բռնկումների ընթացքում կանխատեսումներ անելը շատ բարդ է, այն էլ այս տիպի վարակի դեպքում, որին մենք առաջին անգամ ենք հանդիպում: Մինչ օրս ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս՝ ի վերջո եղանակը տաքացմանը զուգահեռ հիվանդացությունը նվազելո՞ւ է, թե ոչ: Այո, կա նման տարբերակ, որովհետև մնացած բոլոր օդակաթիլային վարակների դեպքում եղանակի տաքացման դեպքում նվազման միտում կա: Բայց սպասենք, դեռ վաղ է ասել: Այս վիրուսը կարծես արտաքին միջավայրում, օդում, մակերեսներին գոյատևելու արտակարգ միտում չի ցուցաբերում: Ըստ երևույթին, ակնկալենք, որ եղանակի տաքացումը կօգնի մեզ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
08-04-2020 23:37