Վարկառուների վճարումները պրոբլեմատիկ են դարձել. Փաստ

09-04-2020 08:24

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում եւ աշխարհում արտակարգ իրավիճակով պայմանավորված, մի շարք խնդիրների հետ մեկտեղ, առաջնային է նաեւ ազգաբնակչության բանկային վճարումների հարցը: ՀՀ-ում տարբեր հաշվարկներով կա մոտ 1,5 մլն վարկառու: Իհարկե, սա չի նշանակում, որ հենց այդքան մարդ վարկառու է, խոսքն իրականում վարկային հաշիվների մասին է, բայց թիվն ինքնին բավականին խոսուն է: Ստեղծված իրավիճակով պայմանավորված, վարկառուների վճարումները բավականին պրոբլեմատիկ են դարձել, քանի որ մարդկանց մեծ մասը մեկուսացված է տներում, շատերն աշխատանքը կորցրել են կամ հարկադիր պարապուրդի մեջ են, շատ գործարարներ վնասներ են կրում եւ այլն: Ճիշտ է, կառավարությունը մի շարք ծրագրեր է ներկայացրել, սակայն վարկերի մարման խնդիրը դրանով չի սահմանափակվում: Այս ամենը հաշվի առնելով՝ բանկերը որոշակի զիջողական քայլերի են գնացել՝ վճարումների հետաձգումների մասով: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են մանրամասն մոնիթորինգ անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն, թե ֆինանսական ինչ հարվածներ կարող են հասցվել բանկերին, փորձում են նաեւ գնահատել այդ ռիսկերը: Ի դեպ, մտահոգություններից մեկը կապված է նրա հետ, որ մեր քաղաքացիները, անկախ իրենց այս պահի վճարունակությունից, զանգվածաբար չօգտվեն այս իրավիճակից: Ի վերջո, այդ վճարումները վաղ թե ուշ կատարվելու են»:

Lragir.am,
09-04-2020 08:24