Ծանր հարված քաղավիացիային․ ինչ է սպասվում մայիսին. Ժողովուրդ

09-04-2020 09:18

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի: Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների: Եվ, ահա, նրանք փետրվարին այցելել են Հայաստան, ուսումնասիրել, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու արդեն մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել: Այսինքն՝ այս որոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել, եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման՝ մայիսին պլանավորված նիստում հնարավոր է պատժամիջոց կիրառվի, եւ Հայաստանը հայտնվի արգելքի տակ գտնվող երկրների ցանկում: Իհարկե, երկու տեղական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքների իրավունքից զրկվելը ծանր հարված է, սակայն պատճառներն իրականում ավելի խորն են:

Lragir.am,
09-04-2020 09:18