Աբովյանի ուղղիչ հիմնարկի նախկին պաշտոնյային կառավարությունը 1200 եվրո փոխհատուցում կտա

09-04-2020 09:27

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատճառով գումարներ վճարել: Այս անգամ էլ ՄԻԵԴ «Համբարձումյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կայացվել է վճիռ, որով Հայաստանի հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 1,200 (հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դիմումատուն աշխատել է՝ որպես Աբովյանի ուղղիչ հիմնարկի կանանց տեղամասի պետի տեղակալ, ում հետագայում մեղադրել են կաշառք ստանալու համար: Մասնավորապես, 2010 թվականի փետրվարի 2-ին դատապարտյալներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ Համբարձումյանը կաշառք է պահանջել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու դիմաց: Այնուհետեւ ոստիկանությունը սկսել է գաղտնի օպերացիա իրականացնել, դատապարտյալին ձայնագրիչ է տրամադրել եւ հրահանգել ձայնագրել դիմումատուի հետ իր խոսակցությունը, նաեւ վերահսկել է նրանց խոսակցությունը: Եվ 2010 թվականի փետրվարի 4-ին՝ գումարը ստանալուց անմիջապես հետո, ոստիկանությունը ձերբակալել է նրան, ապա մեղադրանք առաջադրել: Եվ, ահա, այս ամենից հետո Եվրոպական դատարանը նշել է, որ գաղտնի դիտումը լուրջ միջամտություն է անձի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Նկատենք, որ խոսքը 2010 թվականի դեպքերի մասին է, այսինքն՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արած ապօրինությունների համար պատասխան է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:

Lragir.am,
09-04-2020 09:27