«Համատեղ հանցանքի» մղձավանջը. Նախկին նախագահների նոր երկխոսությունը

09-04-2020 10:11

Ազգային ժողովի 2016 թ. ապրիլի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի սառեցնելու իր աշխատանքները, Ա1+-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որում նա առաջարկում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը, որովհետև այն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում: «Ապրիլյանի սառեցումը ունի մեկ նպատակ, երբ որ առավոտյան Սերժ Սարգսյանը հաստատեց իր գալը, ոնց որ թե այս քայլով առաջին նախագահը գործարք է առաջարկում՝ սառեցնել ապրիլյանը, որպեսզի Սերժ Սարգսյանը ամսի 16-ին չկարողանա գալ ու մասնակցել մեր աշխատանքներին: Բայց մենք չենք սառեցնելու, հակառակը՝ ավելի ենք տաքացել, որովհետև մոտենում ենք մեր աշխատանքի ավարտին», ասել է  Անդրանիկ Քոչարյանը: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը համաձայնվեց ներկայանալ հանձնաժողովի նիստին, Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեց իր հերթական աղմկոտ հոդվածը: Սերժ Սարգսյանը պայման էր դրել, որ նիստը ձայնագրվի, դրա մեկ օրինակն էլ նիստից հետո տրամադրվի իրեն: Շատերն են եզրակացրել, որ Տեր-Պետրոսյանի հոդվածի շարժառիթը հենց Սերժ Սարգսյանի «հարցաքննությունն է»: Թե ինչ հարցեր է պատրաստվում նրան ուղղել հանձնաժողովը, հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այդ հարցերի շրջանակը պետք է ընդգրկի ոչ միայն բուն ռազմագործողությունները, այլեւ այն ներքին ու արտաքին քաղաքական իրադարձությունները, որոնց պայմաններում հնարավոր դարձավ Ադրբեջանի հարձակումը եւ հետպատերազմյա զարգացումները: Եթե հանձնաժողովի վերջնական զեկույցում չլինի այս ընդգրկուն գնահատականը, նշանակում է այն իզուր է աշխատել, իսկ մնացածը պարզապես հաշվեհարդարներ ու ինտրիգներ են, ինչին ձգտում են այն ժամանակվա ներքին դերակատարները: Ապրիլյան պատերազմի մասին վերջերս ցուցադրված ֆիլմը դրա ապացույցն է, որի նպատակը մեկն է՝ նախկին համակարգին փորձել մաքրել ու հանրությանը շեղել բուն խնդրից, ինչը տարիներ շարունակ կատարվում է օրինակ մարտի 1-ի գործով: Պատերազմը օդից չի ընկնում, եւ այն հասունացվում էր հետեւողական՝ Հայաստանում հաստատված օլիգարխիկ-կոլաբորացիոնիստական քաղաքական համակարգի ձեռքով: Դրա անհրաժեշտ պայմանը Հայաստանի միջազգային մեկուսացումն էր, որն արտահայտվեց Եվրասիական բլոկին Հայաստանի բռնակցմամբ եւ Ռուսաստանի հետ միջպետական խայտառակ պայմանագրերով: Դա հնարավոր դարձավ իշխանության ու ոչիշխանական բեւեռի «հալամարտության» տեխնոլոգիայով, որի առանցքային մասնակիցն էր նաեւ Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը: Այդպիսով ապահովվեց այդ գործընթացի «լեգիտիմությունը»: Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր՝ Մոսկվան զինում էր Ադրբեջանին, փոխարենը ուշացնելով Հայաստանի համար նախատեսված զենքը, ինչը խոստովանեցին նաեւ պաշտոնյաները: Արցախում հրեշավոր պլանը ձախողվեց միայն բանակի ու հանրության ինքնիշխան դիմադրությամբ: Իշխանություն ու չիշխանություն կոչվածները չկային, սսկվել էին ու սպասում էին, որ կյանքը մտնի «բնականոն հուն»: Ապրիլյան պատերազմի այսպես կոչված հրադադարից հետո Սերժ Սարգսյանը հանդիպեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ հասկանալի է, որ խոսվել են էական բաներ: Երբ Սերժ Սարգսյանը խոստանում է պատմել ամեն ինչ եւ պահանջում է ձայնագրություն, դա ուղղված չէ հանրությանը կամ հանձնաժողովին, այլ ավելի շատ նման է ուղերձի՝ ուղղված տարբեր խմբավորումների, որոնք առնչություն են ունեցել այդ իրադարձություններին: Տեր-Պետրոսյանն արձագանքեց արագ ու փաստացի ստանձնեց միջնորդի դեր՝ իշխանությունը սառեցնում է հանձնաժողովի աշխատանքը, փոխարենը երկրորդ ու երրորդ նախագահներին սպասարկող զլմ-ներն ու խմբերը դադարեցնում են «հակապետական գործունեությունը»: Հարցերը շատ են, միեւնույն ժամանակ պետք է նկատել, որ թավշյա հեղափոխությունը ապրիլյան պատերազմի «շարունակությունն» էր, երբ հանրությունը վերջնականապես համոզվեց, որ սեփական իրավունքների ոտնահարման ու թշվառության դիմաց «անվտանգություն» առաջարկող համակարգը ընդունակ չէ դրան: Այդ համակարգի պահվածքը ռազմագործողությունների օրերին, ինչպես նաեւ հետագայում Վիեննայի օրակարգի չեղարկումը վերջնականապես կոտրեցին բոլոր պատրանքներն ու միֆերը:

Lragir.am,
09-04-2020 10:11