Բացի Սերժ Սարգսյանից եւ նրա շրջապատի մարդկանցից, երկրորդ մտահոգվող անձինք գտնվում են Կրեմլում

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  Պարոն Սաքունց, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է գալ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և պատասխանել իրեն ուղղված հարցերին: Մյուս կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ անում այս լարված իրավիճակում սառեցնել այդ հանձնաժողովի աշխատանքը: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ ենթադրյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերժ Սարգսյանի հետ, բայց այն, որ ինքն արդեն իսկ որոշում կայացրել է և այդ մասին հայտարարել է, որ կներկայանա, շատ ուշագրավ է: Դա հատկապես ուշագրավ է այն փաստի համեմատ, որ Խաչատուրովը, որն, ըստ էության, ռուսական գեներալ է, հրաժարվեց գալ ու պատասխանել ՀՀ ԱԺ ապրիլյան պատերազմի գործով քննիչ հանձնաժողովին: Դա բացառիկ անպատասխանատու մոտեցում է իրեն ՀՀ գեներալ համարող, ՀՀ-ին ծառայելու մասին պարտավորություն վերցրած անձի կողմից: Բացի Սերժ Սարգսյանի ներկայանալու փաստն արձանագրելուց, ոչ պակաս կարևոր է այն, թե ինչ կասի նա հանձնաժողովում: Այսինքն՝ ինչ նպատակ է հետապնդում նրա ներկայանալը: Այն, որ նա որոշել է ներկայանալ, ամբողջությամբ խոսում է պետության առջև պատասխանատվություն ունեցող անձ լինելու մասին, բայց ոչ պակաս կարևոր է, թե ինչ է ասելու: Մենք պետք է իմանանք, թե ինչ է ասել: Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը շատ քչախոս է: Նույնիսկ 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու և Մաքսային միությանը միանալու մասին, դրանից տարիներ անց որևէ պարզաբանում այդպես էլ չի տվել: Բայց իմ համոզմամբ, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առջև նա պետք է հարցերին պատասխանի: Այդ հարցերի պատասխանների հետ կապված համոզված եմ, որ բացի Սերժ Սարգսյանից և նրա շրջապատի մարդկանցից, որոնք ժամանակին եղել են իշխանության, երկրորդ մտահոգվող կառույցը կամ անձինք գտնվում են Կրեմլում: Հատկապես հանրային այն տրամադրությունների հետ կապված, որոնք տիրում են Հայաստանում, և այդ տրամադրությունները այնպիսին են, որ ուղղակի այդ պատերազմի սանձազերծման մեջ տեսնում են Կրեմլի մատը: Այս առումով հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը գալիս է փարատելո՞ւ այդ կասկածները, թե՞, այնուամենայնիվ, ներկայացնելու իրողությունը: Կարծում եք՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պայմանավորված էր դրսից ինչ-որ ուժերի թելադրանքո՞վ: Ոչ, չեմ կարծում, որ թելադրանքով Տեր-Պետրոսյանը որևէ քայլ կանի, բայց փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով արդեն 20 օր տևող արտակարգ դրության պայմաններում Լևորն Տեր-Պետրոսյանը որևէ հայտարարությամբ հանդես չեկավ, և հայտարարությունը հետևեց Սերժ Սարգսյանի կողմից քննիչ հանձնաժողովին ներկայանալու մասին տեղեկությանը: Հիշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպում է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև, որի մասին մենք տեղեկություններ չունենք, թե ինչի մասին են խոսել: Բոլոր դեպքերում, առաջին նախագահի այն պնդումը, որ ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովը գրգռում է հանրային տրամադրությունները, չի համապատասխանում իրականությանը: Նման բան չկա, որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող լրատվամիջոցներով ապրիլյան հանձնաժողովին վերաբերող նյութերի հազվագյուտ կարող ենք հանդիպել: Ավելի շատ հանդիպում են նյութեր, որոնք վերաբերում են նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերին: Տեսակետ կա, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը գա ու պատասխանի հարցերին, դա որևէ երաշխիք չի տալիս, որ նա 100 տոկոսանոց ճշմարտություն է ասելու: Գիտեք, շատ դեպքերում տեղեկատվություն է համարվում ոչ միայն այն՝ օբյեկտիվ է պատասխանել, թե ոչ, այլև այն, թե ինչպիսի պատասխան է տրվում: Ի վերջո, եթե ելնենք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից, ապա մոտ 20 հազար էջանոց փաստաթուղթ է գտնվում հանձնաժողովի տրամադրության տակ, և Սերժ Սարգսյանի պատասխանները եզակի չեն, միակը չեն, այլ դրանք պետք է համադրվեն մյուս փաստաթղթերի ու տեղեկությունների հետ: Այնպես որ, ես հուսով եմ, որ մենք վերջնական զեկույցը կունենանք և կհամոզվենք ինքներս, թե ինչպիսին են եղել այդ պատասխանները, եթե մինչ այդ որևէ տեղեկատվություն չստանանք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
09-04-2020 10:55