Արցախի Միրիկ և մերձակա համայնքներից կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան

09-04-2020 11:31

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: «Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ իրականացված մշտադիտարկումները որևէ խնդիր չեն արձանագրել»,- նշված է հաղորդագրության մեջ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ, այս պահի դրությամբ, երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման․«Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են (փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ): Թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո»: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Lragir.am,
09-04-2020 11:31