ՀՀ կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումները սկսել են գործել

09-04-2020 11:30

ՀՀ կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումները հերթով սկսել են գործել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահին հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ: Ես ուզում եմ ասել, որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է: Եվ հընթացս կլրացվի: Կառավարությունն արդեն հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք իրենք սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ես ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները, բազան մի քանի օրվա ընթացքում կամբողջանա, և աջակցության ամբողջ փաթեթներն արդեն հասանելի կլինեն բոլոր քաղաքացիներին», ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 մլրդ դրամի չափով: «Կան բոլոր հիմքերն ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց կառավարության կողմից որևէ վարչական ներգործության: Ճգնաժամի մեկնարկին շատ ուժեր մեզ փորձում էին դրդել, որպեսզի մենք վարչական որոշում կայացնեինք, որոնք կպարտադրվեին բանկերին: Բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով: Բանկային համակարգը մեր քաղաքական հորդորներին արձագանքել է, և սա վկայությունն է այն բանի, որ ամենազգայուններից մեկը համարվող այդ համակարգը վստահություն է տածում կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ: Եվ սրա մասին վկայում են նաև շուկայում տեղի ունեցող պրոցեսները»,- ասաց նա: Մի քանի օրվա լարվածությունից հետո, Փաշինյանի խոսքով, արտարժույթի շուկան ու ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Ընդհակառակը, վերջին օրերիին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: «Ընդ որում, արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամային ավանդների, ինչն ամենավառ ապացույցն է այն բանի, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,- հավելեց Փաշինյանը:

Lragir.am,
09-04-2020 11:30