Հայտնի է, թե ովքեր են պարտադիր թեստավորվելու կորոնավիրուսի թեստով

09-04-2020 11:42

«Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը: Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբին արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ որ նոր բուժվածների թիվն էլ 24 է»,- կառավարության այսօրվա նիստում կորոնավիրուսային հիվանդացության վիճակագրությունը ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ առաջիկայում սպասում են նաև բուժվածների թվի որոշակի աճ: Նաև մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների թիվը կաճի: «Մենք վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պետք է գործեն: Բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է՝ ինչպես հայտնել ենք, վաղվանից պետք է ստեղծենք արդեն օրը 1000 թեստի հնարավորություն: Եվ այսօր նաև առավոտյան խորհրդակցություն ենք ունեցել, նախարարը պարզաբանել է, թե այս համատեքստում ինչ պետք է անենք: Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի, որովհետև այնուամենայնիվ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն՝ ուղղակի մարդկանց առանց որևէ ցուցումի հրավիրել ու թեստավորել, դա ուղղակի կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ»,- ասաց նա: Վաղվանից ցուցումով անձինք՝ մասնավորապես, բոլոր բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդներն ու վիրուսային հիվանդություն ունեցողները պարտադիր կթեսատավորվեն: «Եվ արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին: Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ ընդհանուր առմամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի վիճակագրության ճշգրտման արդյունքում 12 անճշտություն է հայտնաբերվել: «Եվս մեկ անգամ կստուգվի այդ ճշգրտումը: Ընդհանուր թվի հաշվառման առումով մենք պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 921 դեպք՝ առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք»,- հավելեց նա:

Lragir.am,
09-04-2020 11:42