Հակոբ Ճաղարյանը ԱԱԾ-ում երկու ժամանոց հանդիպման մասին

09-04-2020 18:34

Վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը: Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրինական հիմքերը: Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը: ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը: Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ:

Lragir.am,
09-04-2020 18:34