Սահակաշվիլի-Ավակով. Ինչ է սպասվում Ուկրաինայում

Կորոնավիրուսի համաճարակի ստեղծած իրավիճակը նկատելի աշխուժացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այս օրերին Սահակաշվիլին բավական հաճախ ելույթներ է ունենում ուկրաինական տարբեր հարթակներում, որտեղ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին գնահատում է ուկրաինական առողջապահական համակարգի վիճակը, այն համարելով խիստ անմխիթար: Սահակաշվիլին, որ Պորոշենկոյի նախագահության մեկնարկին նշանակվեց Օդեսայի նահանգապետ, իսկ հետո հրաժարվեց՝ անիմաստ համարելով կենտրոնական իշխանության կոռուպցիոն բնույթի պայմաններում նահանգում ռեֆորմ իրականացնելու հեռանկարը, ներկայում հայտարարում է, որ Ուկրաինան ուղղակի չունի պետական կառավարում: Ներկայում ավելի հաճախ է հնչում Սահակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու առաջարկ: Սահակաշվիլիի հաղթաթուղթը կամ այցեքարտը անշուշտ Վրաստանն է: Նա ինքը տարբեր հարթակներում խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի, Ուկրաինայի առողջապահական համակարգի եւ ընդհանրապես պետական կառավարման համակարգի անարդյունավետության մասին, բերում է Վրաստանի եւ այնտեղ իր նախագահության շրջանում ռեֆորմների օրինակը: Սահակաշվիլին նշում է, որ կառուցել է ժամանակակից ավելի քան 140 հիվանդանոց, իրականացրել է առողջապահական ռեֆորմ եւ մեկ շնչին բաժին ընկնող կարողությամբ այդ համակարգը ներկայում մի քանի անգամ գերազանցում է ուկրաինականին, ինչպես պնդում է նա: Սահակաշվիլին ոչ միայն ռեֆորմացրել է Վրաստանը, այլ 2004 թվականին գալով իշխանության՝ գործնականում ստեղծել է Վրաստան պետություն: Այդ հանգամանքը ամենեւին պետք չէ շփոթել իդեալական պատկերի, իդեալական կառավարման հետ: Բայց սխալներով, թերացումներով, վրիպումներով հանդերձ կասկածից վեր է, որ Սահակաշվիլին հետխորհրդային տարածքում արձանագրել է կառավարման արդյունավետության եւ պետական որակի բացառիկ արդյունք: Հայաստանից այդ ամենը արժանանում էր բազմաբնույթ դիտարկման, անշուշտ հաշվի առնելով նաեւ հանգամանքը, որ աշխարհքաղաքական առումով Սահակաշիլիի նախագահությունը  հայկական շահի տեսանկյունից հակասական էր: Մի կողմից նա կարողացավ Վրաստանի եվրատլանտյան բեկումով Հայաստանի համար ստեղծել «եվրատլանտյան օդանցք», մյուս կողմից նա բավական մեծացրեց Վրաստանում Բաքվի եւ Անկարայի ազդեցությունը, ինչն իհարկե էական խնդիր է նաեւ Վրաստանի համար: Մեծ հաշվով, այստեղ է թերեւս նաեւ Սահակաշվիլիի իշխանությունից հեռանալու իրողության քաղաքական խորքը: Նա գործնականում անցավ այն կարմիր գիծը: Քանի որ հետխորհրդային նոր բալանսը ենթադրում էր ռուսական գերակայության թուլացում, սակայն ամենեւին ոչ թուրք-ադրբեջանականի ավելացման հաշվին: Կա Ուկրաինայում Սահակաշվիլու քաղաքական դերակատարման աճի, ընդհուպ վարչապետի պաշտոնում հայտնվելու հեռանկար: Էական կլինի նրա վրացական կառավարման փո՞րձը, թե՞ աշխարհքաղաքական վրիպումը: Մի բան էական է լինելու հաստատ՝ դիմակայությունն Ուկրաինայի կայունության ներկայիս երաշխավորի՝ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ: Սահակաշվիլին նրա հետ դիմակայության մեջ մտավ դեռեւս նահանգապետի պաշտոնում, հնչեցին փոխադարձ կոշտ մեղադրանքներ: Ավակովը հաղթեց, Սահակաշվիլին հեռացավ Ուկրաինայից: Զելենսկու նախագահությունից հետո Սահակաշվիլին վերադարձավ, սակայն մնաց նաեւ նախարար, միլիոնատեր Ավակովը: Նրան նախարարի պաշտոնում թողնել խորհուրդ տվեց օլիգարխ Կոլոմայսկին, նշելով, որ դա անհրաժեշտ է կայունության համար: Գործնականում անհնար է պատկերացնել Սահակաշվիլի վարչապետ-Ավակով նախարար համակեցություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-04-2020 19:25