Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել են Ավագ Հինգշաբթիի արարողությունները

09-04-2020 21:12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ Սուրբ Գայանե վանքում մասնակցել է վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: «Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ով նաև Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Սուրբ Բարսեղ Կեսարացու`«Սուրբ Հաղորդության մասին» հայտնի ճառը: Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Այս առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը: Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Բարեշնորհ Արամայիս սարկավագ Սողբաթյանի ոտքերը: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը սրբի մասունքով օրհնեց հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով Հայոց Եկեղեցու մեծ աղոթողի բարեխոսությունը համավարակի այս ծանր իրավիճակի դիմագրավման համար» ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
09-04-2020 21:12