Հայաստանի գազի գինը. Պուտինի որոշումը

Գազպրոմը դեռեւս չի պատասխանել Հայաստանի փոխվարչապետի նամակին, որով Մհեր Գրիգորյանը դիմել էր գազի գնի նվազման շուրջ քննարկում սկսելու համար: Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասել է, որ առաջիկայում կլինի պատասխանը: Պատասխանն անշուշտ պետք է տա ոչ թե Գազպրոմը, այլ ՌԴ նախագահ Պուտինը: «Ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը կմիջամտի հարցին», օրերս Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զրույցի ընթացքում քննարկվել էր գազի հարցը, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության: Կրեմլի հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկար: Դա նշանակում է, որ Կրեմլի համար հարցը չունի՞ էական նշանակություն, թե՞ նշանակում է, որ Կրեմլը համաձայն չէ միջամտել: Գազպրոմ Արմենիա ընկերությունը ներկայացրել է ներքին շուկայում գինը թանկացնելու հայտ: Հայաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ եթե հաջողվի սահմանին գինն իջեցնել 23 դոլարով, ապա ընկերության գործունեությունն ապահովելու համար չի լինի ներքին թանկացման անհրաժեշտություն: Մյուս կողմից, Երեւանը նաեւ ակնարկել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի ներքին թանկացման հայտը կքննի ամենայն բծախնդրությամբ: Նիկոլ Փաշինյանն ակնկալելով Պուտինի միջամտությունը, նշել է նաեւ, որ Հայաստանի կառավարության եւ հանրության համար հասկանալի եւ ընկալելի չէ, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը կարող է գնալ գազի թանկացման: Իսկ գինը սահմանին չնվազեցնելը փաստորեն նշանակում է թանկացնել ներսում: Գազի հարցում այդ դիտարկումները բավական հարաբերական են, այն պարզ պատճառով, որ տնտեսական տրամաբանությունն այստեղ գործնականում մշտապես ստորադասված է քաղաքականությանը: Ռուսաստանի համար գազը քաղաքականություն է, ըստ այդմ Մոսկվայում Հայաստանի նամակին տրվելու է քաղաքական պատասխան: Հարցն այն է, թե ինչ բաղադրիչներ են ազդելու գազի գնի առնչությամբ Ռուսաստանի քաղաքական որոշման բովանդակության վրա: Ռուսաստանն անկասկած ձգտելու է ստանալ Հայաստանից առավելագույնը՝ գնի հնարավոր նվազեցման դիմաց: Հայաստանի խնդիրն անշուշտ փաստարկելն է, որ գազի խնդիրը Հայաստանի վրա հնարավորինս թանկ վաճառելու ձգտումը Մոսկվայի համար ռազմավարական հեռանկարում կարող է ունենալ լրջագույն հետեւանք: Եթե Ռուսաստանը կասկածում է Հայաստանին, ապա այդ կասկածը կարող է լինել փոխադարձ, ամիսներ առաջ հայտարարել էր Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի հայկական Նուվել դԱրմենի ամսագրին տված հարցազրույցում: Կան շրջանակներ, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում են Հայաստանի հանդեպ կասկածները գեներացելու ուղղությամբ: Այդ շրջանակները գտնվում են թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Ադրբեջանում: Դրանք անկասկած ձգտում են Հայաստանի համար հնարավորինս թանկ որոշման հասնելուն: Այդ մեխանիզմը աշխատելու է այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը կգտնի այն բանաձեւը, որով Կրեմլի համար պարզ կլինի, որ իրականում որոշումը որքան թանկ լինի Հայաստանի համար, ոչ պակաս թանկ է արժենալու նաեւ Ռուսաստանին: Ռուսաստանի քաղաքականությունն իր վերջին առնվազն հարյուրամյա պատմության ընթացքում Երեւանին տվել է էական փաստարկներ, որոնք պետք է աստիճանաբար դուրս բերել գզրոցից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-04-2020 22:48