Ինչ պետք է անեն նախկինում ապօրինի հարստություն կուտակածներն ու օրենք խախտածները. Արարատ Միրզոյանը պարզաբանել է

17-04-2020 00:29

Ապօրինի գույքի հետ բերման գործընթացը միևնույն է սկսված էր, ընթանում է` այո, դժվար ու դանդաղ, որը բազմաթիվ հանգամանքներով է պայմանավորված,  խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով այս մասին օրենքի ընդունմանը: Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ու թալանածը հետ բերելու քաղաքական հանձնառությունից իրենք հետ չեն կանգնել, բայց ինչ-որ փուլում իրավապահները բախվել են խնդիրների: «Շատ դեպքերում մինչև այս օրենքի նախագիծը հնարավոր չի եղել հասնել այդ ունեցվածքին, որը ենթադրաբար կամ առերևույթ ապօրինի կարող է լինել: Եվ հիմա սա հավելյալ գործիք կարող է լինել», – ասաց նա: Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, որ սա քաղաքական գործիք է որակվում որոշ շրջանակների կողմից` ճնշելու նախկին պաշտոնյաներին: «Եթե որևէ մեկն այս երկրում պատկերացնում է, որ մենք կարող ենք այս գույքի բռնագանձման օրենքը կիրառենք, որպեսզի ինչ-որ մութ գործարքի գնանք ինչ-որ նախկին պաշտոնյայի հետ, որը դարձել է դոլարային միլիոնատեր, սխալվում է», – ասաց նա: Դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանի հետ լավ հարաբերություններ ունեն, նա պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանի չէ, մենք բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում և մեր հռչակած խաղի կանոնների սահմաններում, որն էլի հանգելու է ՀՀ օրենքներին` ոչ մի սև հաշվապահություն և կանոնավոր վճարված հարկեր: Բոլոր բոլորի հետ լավ ենք: Եվ նույնիսկ հազար անգամ ասել ենք` եթե կլինի որևէ մեկը, ով նախկին համակարգի պայմաններում օրենք է խախտել ու կուտակել է ապօրինի, կգան կասեն` այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, մենք յուրացրել ենք ապօրինի, վերցրեք ու թողեք ես շարունակեմ աշխատել, մենք հազար անգամ ենք ասել: Եվ ոչ մի մութ, ոչ մի անդրկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, միայն բաց ու հասարակության աչքի առաջ: Դեռ էտ էլ կարող ենք քննարկել` 1 մլրդ-ից 800 մլն հետ տան նորմալ է, թե 700-ը կամ 990-ը: Դա հազար անգամ ասել ենք, և այստեղ Սամվել Ալեքսանյանը ոչ մի առանձնահատուկ դեր չունի»:

Lragir.am,
17-04-2020 00:29