Այն պահից ի վեր, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց կորոնավիրուսի համավարակի փաստը, ողջ աշխարհում բանավեճեր սկսեցին արդի քաղաքակրթության հետ տեղի ունեցող փոխակերպումների էության մասին: Այդպիսի բանավեճերի խթանումը մեծապես պայմանավորված էր կլիմայի տաքացման եւ բնական աղետների հաճախացման խնդիրներով: Գրեթե ամեն օր տարբեր գիտական հրատարակություններում լույս են տեսնում տեսական աշխատություններ, որոնք բնութագրում են մարդկային քաղաքակրթության խորքային փոխակերպումների տրամաբանությունը: Այդ թեմայի նկատմամբ հետաքրքրությունն ի հայտ է եկել դեռեւս անցած դարի 60-ական թվականներից, երբ բազմաթիվ մշակութաբաններ ու հնավանդաբաններ սկսել էին մեծ ուշադրություն դարձնել քաղաքակրթական փուլերի փոփոխությունների ժամանակային միջակայքերի կրճատման ասպեկտին: Արդեն այն ժամանակ երեւան էին եկել տեխնոլոգիական առաջադիմության արագացման հետեւանքով քաղաքակրթության քաղցկեղանման զարգացման մասին տեսակետներ: Նույնիսկ նշվում էր, որ ավանդական քաղաքակրթությունը 21-րդ դարի առաջին կեսում ճգնաժամ կապրի: 21-րդ դարի սկզբից ի հայտ եկավ եզակիության կետի մասին տեսությունը, որին մոտենում է քաղաքակրթությունը: Նույնիսկ եղան մաթեմատիկական հաշվարկներ, որոնք ցույց էին տալիս այն տարեթվերը, որտեղ քաղաքակրթության զարգացման արագությունը կսկսի ձգտել անվերջության, եւ որտեղ արդեն հնարավոր չէ կանխատեսել զարգացման բնույթը: Այս տարվա սկզբին BOON TV-ի կողմից իրականացված «Քաղաքագիտության ալգորիթմ» նախագծի շրջանակներում այդ թեմային ձեռք զարկեցի նաեւ ես իմ «Քաղաքակրթության կառանատեղ» դասախոսությամբ: Ըստ երեւույթին, ներկա պահին այդ թեման կարող է շատերին հետաքրքրել:

ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱՀՀԿ տնօրեն
02-05-2020 16:53