Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման ներկայացում՝ ավելի քան 100 առաջարկներով

07-05-2020 10:43

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը առցանց մամուլի ասուլիս է տալիս՝ ներկայացնելու իր 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և պատասխանելու քաղաքացիների ու լրագրողների հարցերին: Ասուլիսին կարելի է հետևել ֆեյսբուքով և յութուբով, իսկ տարեկան հաղորդման ամբողջական փաստաթղթին ծանոթանալ՝ Պաշտպանի պաշտոնական կայքում: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է, որ հաշվետու տարում շարունակել է աշխատանքները դիմումների ուսումնասիրության ու քննարկման, մարդու իրավունքների խախտումների համակարգային կանխարգելման, օրենսդրության կատարելագործման, հանրային իրազեկման, քաղաքացիական հասարակության զորացման, միջազգային կապերի ամրապնդման և աշխատակազմի կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ: Պաշտպանն իր տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է դիմումների քննարկման ու առանձին ուսումնասիրությունների արդյունքները մի շարք իրավունքների ու ոլորտների վերաբերյալ: Դրանց հիման վրա Պաշտպանը հանդես է եկել ավելի քան 100 ընդհանուր բնույթի ու կոնկրետ առաջարկներով՝ ուղղված տարբեր պետական լիազոր մարմինների՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի նշանակալի բարելավման նպատակով: Պաշտպանը ներկայացնում է նաև դիմումների վիճակագրությունը՝ 13 չափանիշների հիման վրա: Հաշվետու տարում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 234 դիմում, որը նախորդ տարվա համեմատ 1.7 անգամ ավելին է: Այդ դիմումների 31%-ը (73 դիմում) առնչվել են Պաշտպանի լիազորություններին, որոնց 93%-ի (68 դիմում) դեպքում Պաշտպանի միջամտությամբ արձանագրվել է դրական արդյունք: Դիմումների 22%-ը վերաբերել է սոցիալական ապահովության իրավունքին, 17%-ը՝ սեփականության իրավունքին, 11%-ը՝ աշխատանքային իրավունքներին: Մանրամասները՝ ասուլիսով ու տարեկան հաղորդման մեջ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Lragir.am,
07-05-2020 10:43