Դերսիմի Ցեղասպանութիւնը եւ հակահայկականութեան նոր բռնկումը. Մաս 2

Սկիզբը՝ այստեղ Կոտորածներից յետոյ Դերսիմում կենդանի մնացած բնակչութեան ահռելի մասին տաս տարով աքսորեցին Թուրքիայի արեւմտեան խորքերը, որտեղ գլխաւորապէս թրքալեզուներն էին ապրում: «Էթնիկական տեղահանումներով» ԽՍՀՄի հետ քչերը կարող են մրցակցել[i], բայց Թուրքիան հազիւ թէ զիջում է նրան: Միայն թէ Թուրքիայում ընդունուած օրէնքներով աքսորուողները սովորաբար «թուրքեր» են ներկայացւում: Պաշտօնապէս արդէն ողջ բնակչութիւնն էր «թուրք»: Դերսիմը նօսրացաւ, ալեւիներից եւ հայերից դատարկուած գիւղերում արագօրէն բնակութիւն հաստատեցին սուննի քրդերը եւ որոշ թուրքեր[ii], եւ մինչ բնակչութիւնը վէրքերն էր լիզում` արագօրէն փոխեցին վարչական կառուցուածքը, բոլոր քիչ թէ շատ մեծ բնակավայրերում ռազմական կայազօրեր տեղադրուեցին, տարրական դասարաններով թուրքերէնի ուսուցման դպրոցներ բացուեցին եւ մարդկանց թոյլ տուեցին իրենց երբեք չլուծուող (մինչեւ այսօր չլուծուած) հարցերով նորանշանակ թուրք պաշտօնեաներին դիմել, փորձեցին մզկիթներ կառուցել, որով հաստատուեց «Դերսիմի հնազանդեցումը»: Դերսիմի հնազանդեցումից յետոյ Ներքին գործերի նախարարը յայտարարեց, որ Թուրքիայում այլեւս քրդական հարց չկայ, շրջանառութիւնից հանուեց նաեւ «քուրդ» էթնանունը, անհրաժեշտութեան դէպքերում գործածւում էր  «լեռնային թուրքեր» բառերը[iii]: Լոզանի Պայմանագրից յետոյ յաջողութեամբ լռեցուած Հայոց Ցեղասպանութեան թեման լաւ օրինակ էր Թուրքիայի իշխանութիւնների համար, թէ ինչպէս կարելի է իր երկրի քաղաքացիներին անպատիժ ոչնչացնել եւ յետոյ միջազգային համակրանք շահել: 1937-38ի դերսիմեան ջարդերը նոյնպէս Թուրքիային յաջողուեց տեւական ժամանակ լռութեան քօղի տակ պահել: Դերսիմի կոտորածների մասին թուրքերէնով գրուած առաջին գիրքը հրատարակուել է Հալէպում (M. Nuri Dersimi, Kürdistan tarihinde Dersim [Դերսիմը Քրդստանի պատմութեան մէջ] (Aleppo, 1952)) եւ մեծ հաշուով անյայտ էր հանրութեանը: Հեղինակի` Նուրի Դերսիմիի դուստրը եւ շատ հարազատներ զոհ էին գնացել ջարդերին, իսկ ինքը փախել էր կոտորածներից անմիջապէս առաջ: Շատ հեշտ էր ապստամբ Նուրի Դերսիմին ներկայացնել որպէս Թուրքիայի լաւագոյն առաքինութիւնները սեւացնող մէկին: Դերսիմում, սակայն, իւրաքանչիւրը կը պատմի այն, ինչ Նուրի Դերսիմիին վերագրւում է իբրեւ Թուրքիայի դէմ աչառու յօրինուածք: Դերսիմում յիշողութիւններ փնտրելու կարիք չկայ, այն ամէնուր է, կենդանի մնացած իւրաքանչիւր դերսիմցի ունի ջարդերի հետ կապուած իր ընտանեկան պատմութիւնը, եւ իւրաքանչիւրը պատմում է կոտորածներից Հալուորի Ս. Կարապետի վանք փախչող բնակչութեան ջարդը «Լաչ Դերէսի» նեղ կիրճում, երբ «կիրճով հոսող գետի ջուրն արիւնից կարմրել էր»: 1990ին թուրքերէնով լոյս տեսաւ Ismail Beşikçi, Tunceli Kanunu (1935) ve Dersim Jenosidi [Իսմայիլ Բեշիկչի, Թունջելիի մասին 1935ի օրէնքը եւ Դերսիմի Ցեղասպանութիւնը] (Istanbul: Belge yayinlari) գիրքը, եւ հեղինակն անմիջապէս տաս տարով յայտնուեց բանտերում: Թուրքիայում իշխանութիւնների յանցագործութիւններին անդրադարձը դաւադրութիւն է համարւում պետութեան դէմ: Ինչպէս ԽՍՀՄում: Միայն թէ ԽՍՀՄ-ում տեւական ժամանակ դաւադրութիւն էր համարւում ոչ միայն ԽՍՀՄ իշխանութիւնների կազմակերպուած յանցագործութիւններին, այլեւ դաշնակից Թուրքիայի պետական յանցագործութիւններին անդրադարձը: Դերսիմի 1937-38ի ջարդերն առիթ դարձան ողջ Թուրքիայի գաւառներում դեռեւս ապրելու տեղ փնտրող կամ արդէն քիչ թէ շատ հաստատուած հայերի մնացորդներին եւս մէկ անգամ «որսալու»՝ սպանելու կամ տեղահանելու: «Մայրս բնիկ խարբերդցի էր, հայրս` Թունջելիից, դերսիմցի,- պատմում է Էլազիկում ապրող Եուսուֆ Այազը,- երկուսն էլ հայ էին, երկուսն էլ` որբացած: [19]15ից յետոյ քաղաքում [Խարբերդ] հայեր շատ քիչ էին մնացել: Իհարկէ իրենց հայ լինելու մասին լռում էին: Յետոյ էլ երեսնականներին կենդանի մնացած հայերի մեծ մասը գնացին: Թուրքական իշխանութիւնները գնացողներին հեշտ թոյլ էին տալիս գնալ, միայն թէ այնպիսի անձնագիր էին տալիս, որ այլեւս չկարողանան վերադառնալ: Հիմայ մտածում եմ, որ հաւանաբար նրանց գնալը ձեռնտու էր, քանի որ հայերի թողած սեփականութիւնը ուզում էին փոխել: Շատերի սեփականութիւնը այդպէս վերցրին:… Մեր ընտանիքին – դերսիմցիների նման – [19]38ին այստէղից աքսորել են: Հօրեղբօրս էլ այստէղ գնդակահարել են: [19]38ին շատ հայերի են աքսորել եւ սպանել: [19]38ից յետոյ մենք տաս տարի աքսորավայրում ենք եղել: Ես չկարողացայ ուսում առնել, հայերէն էլ չսովորեցի: Յետոյ պետութիւնը որոշեց, որ կարող ենք աքսորից վերադառնալ: Վերադառնալուց յետոյ հաստատուեցինք Էլազիկում: Այն ժամանակ Խարբերդն արդէն աւերւում էր, իսկ Էլազիկը` աճում:… Մենք արդէն թուրք էինք կոչուում, անուններս թուրքական էին: Ենթադրում եմ, որ վարչական մարմինները գիտէին մեր հայ լինելը կամ, գոնէ, հայկական ծագումը, բայց մենք չէինք խօսում այդ մասին, իրենք էլ չէին յիշեցնում»[iv]: «1937-38 թիւերուն, երբ որ Դերսիմի քուրդերուն պրոբլէմը եղաւ, ջարդը եղաւ, ադ ջարդին ահագին հայ զոհեր ալ եղան: Ուրիշ տեղերը չէ գիտեմ, Սասունի շրջաններում` այո: Աս [Սասունի] շրջաններէն ընտանիքներ զոռով տեղափոխուեցան Գոնիա, Դեսքիշէի (այսպէս է ձայնագրուած, թերեւս՝ Էսքիշեհիր-Հ.Խ.), Իզմիր: Սասունէն գացին եւ տասը տարի հոն մնացին: Երբ որ Սասունէն գացին, բան մը թուրքերէն չէին գիտնար, երբ որ վերադարձան, 1945-47 թիւերուն թրքախօս էին: Պատերազմէն յետոյ անմիջապէս կանոն մը հանեցին, որ անոնք հոս կրնան մնալ, բայց եթէ ուզենան իրենց տեղերը [վերադառնալ], միայն այն պայմանով, որ իր հին գիւղը չերթան»,- պատմում են Բաթմանի Բիմեր գիւղում մինչեւ 1960ականները ապրած հայերը[v]: Դերսիմից աքսորուածների մեծ մասը չվերադարձաւ: Նախ՝ աքսորավայրում իրենք էին շատ փոխուել, շատերը մահմեդական էին դարձել, ապա՝ Դերսիմը իշխանութիւնների սեւեռուն ուշադրութեան կենտրոնում էր եւ «խոցելի ինքնութեամբ» մարդկանց ապրելու համար շատ վտանգաւոր վայր էր: Մահմեդականացածների ինքնութիւնը Քէօթահիայում «թրքական» էր, որից սովորաբար վերադարձ չի լինում կամ՝ լինում է խիստ բացառիկ դէպքերում: Ինչպէս ստորեւ ներկայացուող Յակոբ Ալթընքայայի պատմութեան դէպքում է. «Իմին դեդէս, եայաս, անոր եայան, պապան` ամէնն ալ դերսիմցի, [բնակավայրի] անունը Քալան կը կոչուի, մինչեւ 1938ը հոն ապրած են: 1938ին անտեղ ուրիշ քուրդերու, բաներու (ալեւիների, հայերի – Հ.Խ.) հետ միասին, հեռացուցած են, ստիպուած: Մերին շատ ընտանիքները, շատ ազգականներն ալ, մենակ հայրիկս կամ դեդէս եւ այլն չէ, ուրիշներն ալ, Քէօթահիա հեռացուցած են, Քէօթահիա ըսուած` դէպի արեւմուտք, Իզմիրին մօտ տարուած են: Մամաս ալ Դերսիմից էր, Մեծկերտ, թրքական Մազգիրտ անունով կը յիշուի: Մամաս այն ատեն պզտիկ` տասերեք, տասնչորս տարեկան, անոր ալ հայրը, մայրը` նոյնպէս ատ կողմը [Քէօթահիա]: Ադիկա կառավարութեան պահանջ էր՝ դուք սա տեղը պիտի ապրէք ըսելով, Քէօթահիան ալ կառավարութեան ընտրութիւնն էր: Աքսոր եղաւ Քալանի բոլոր բնակչութիւնը, բայց ամէնը զատ-զատ տեղեր տարուեցան, մէկ մասը` իշտէ ըսենք սա կէտը, մյոսը` ուրիշ կենտրոն մը: Մերին ընտանիքները ո՛եւէ դիմադրութիւն չեն ըրած, էս հիմայ կը մտածեմ` քուրդերին հետ ասոնք [թուրքական կառավարութիւնը] ալ մեզի իշտէ դէմ են, ասոնք [հայերին] ալ մէյ մը ցիրուցան ընենք` ազատինք` ըսել են նէ, ատանք ըրած են: Տասը տարի ապրած են Քէօթահիա, որ իշտէ հայրս, մայրս ատ տաս տարիին ընթացքին ամուսնացած են, քոյրիկս որ հոն ծնած է 1944ին…: Մինչեւ քառասունըութնին ըսած են, որ ալ ազատ էք, կրնաք ուր որ ուզէք` էրթաք: Վերադարձին եթէ ուզէին ան ատեն` Ստամբուլ ալ գալ, բայց չեն էկած, ըսած են, որ մենք նորէն էրթանք մեր երկիրը, բայց վերադարձին մինչեւ Խարբերդ, որ հիմայ անունը Էլազըկ կ’ըսեն կոր, մինչեւ Խարբերդ էկած են, ըսած են` ասկէ վերջը գոնէ իշտէ Խարբերդ, Էլազըկ ըսուած տեղը ապրինք, հոն նստած են: Ատ տարին ալ ես ծնած եմ: Անտեղը` Քէօթահիայի մէջ հարկաւ դժուարութիւններ քաշած են: Իշտէ, քրիստոնեայ են ըսելով` հայրս, հօրեղբայրս եւ այլն, եայաս …իշտէ ասենք ան տեղը պստիկ գիւղում են, գիտէք գիւղը ինչ է, տաճիկները ոչ մէկը քրիստոնեաներու հետ յարաբերութիւն չէր ունէնար էղեր: Իշտէ, մէկ տարի, երկու տարի, անոնք ստիպուած են, որ անուննին փոխեն, անձնագիրի մէջի կրօնական բանը փոխեն: Առաջ մերինները հարկաւ դէմ դրած են, բայց ի՞նչ ընեն հիմայ, դժուարութեամբ` ինչ ընենք, ինչ չընենք… Իմին մեծհայրիկս, պապայիս հայրը ըսել է, որ ինձի եթէ մեռցնեննէ` էս չեմ փոխիր, էս աս տարիքին էկած եմ, բայց ձերին սիրտը քրիստոնեայ է, միտքը քրիստոնեայ է, գրելով բան մը չ’ըլլար, փոխեցէք, բան մը չ’ըլլար: Հայրս էլ, հօրեղբայրս էլ անուննին փոխած են, Գէորգը ըրած են Իզէթ, Սարգիսը՝ հօրեղբայրս, Մեհմէդ, մականուննին ալ` Ալթըն: …Հիմայ մերին մականունը Ալթընկայա է` ոսկի ժայռ, անիկա անտեղը` Քէօթահիա Ալթըն Դաշ ըսուած տեղը ստիպուած ապրած են: Ադիկա ձեւական կրօնափոխութիւն էր հարկաւ, որ Քէօթահիա եղաւ, փաստաթուղթ առին, որ մահմեդական են, եանի իսլամ են: Բան մը չըրին, չոճուխ ըլլալուն, իշտէ, խոջան կ’երթայ, կը կարդայ, սիւննէթ եւ այլն կ’ըսեն, մանչերու համար բան մը ունին, ուրիշ բան չկայ, բայց անձնաթուղթին մէջը իշտէ անունը Մեհմէդ, անունը` Իզէթ, իշտէ կրօնական բանը կը գրուի` իսլամ: Դեդէս` պապիկս, չփոխուեցաւ: Դեդէս արդէն հոն մեռած է, Քէօթահիա, հիմայ տեղն ալ չենք գիտէր այլեւս: Վերիվարոյ ամէնն ալ ստիպուած էին, որ փոխուին, չի փոխուողը, իշտէ, ապրելու` սոսիալ դժուարութիւն կ’ունէնայ, կը մեկուսանայ: Մարդին հետը չը խօսին կոր, մէկ մարդ մը բարեւ չի տար կոր: Հարկաւ եղել են չփոխուողները, ամէնուն, հարիւրէն հարիւրը փոխուած է` չեմ կրնալ ըսել: Ես ատիկա չեմ տեսել հարկաւ, հայրիկէս, մայրիկէս լսածս է: Վերադարձին, այսինքն 1948ին, երբ որ Խարբերդ էկեր են, հայրս, հօրեղբայրս, կրկին փոխելու, քրիստոնեայ ըլլալու համար դիմեր են: Քանի մը տարիներ դատարաններու մէջը իշտէ զբաղած են, ի վերջոյ կարծեմ, ես կը յիշեմկոր թուղթ, անձնաթուղթը առին, 1955ին»[vi]: Յակոբ Ալթընքայայի ընտանիքը վերաքրիստոնեացած քչերից մէկն էր: Թրքացածներն իսպառ հրաժարւում են խօսել իրենց քրիստոնէական անցեալի մասին եւ նոյնիսկ հրաժարւում են յայտնել իսլամացման մասին: 1938ին աքսորը լրացուցիչ դեր խաղաց ցեղասպանութիւնից յետոյ փրկուած հայերի միջեւ որոշ չափով վերաձեւաւորուած կապերը կրկին խզելու գործում, յատկապէս, որ նրանց առջեւ պայման կար աքսորից յետոյ իրենց նախկին բնակավայրերը չվերադառնալ: Աքսորի ժամկէտը լրանալուց յետոյ, 1948ին ոմանք այդպէս էլ մնացին աքսորավայրերում, ուրիշները փորձեցին վերադառնալ իրենց ծնողների կամ հենց իրենց նախկին բնակութեան վայրերը, այսինքն՝ արեւմուտքից արեւելք, Արեւմտեան Հայաստանի տարածք: Միայն նախապայման կար, որ իրենց ծննդավայր բնակավայրը չլինի, եւ վերադառնալուց յետոյ զինուորական իշխանութիւններին պարբերաբար տեղեակ պահել, որ իրենց յատկացուած վայրից չեն տեղափոխուել. «Իմ մեծ հայրիկս պարտաւորուած էր ամէն շաբաթ զինուորականներուն տեղը – կարակոլ կ’ըսենք – կ’երթար ստորագրութիւն կու տար: Իմ մեծ հայրիկս քանի տարիներով գնաց:… Հաֆասէ ըսած տեղ մը կար, ընտեղը զինուորներուն տեղ մը կար, պէտք էր ամէն շաբաթ էրթար, պատճառն ալ երեւի այն է – ասանկ կը խորհիմկոր – որ իր շրջանէն շատ չհեռանայ… Կը խորհիմ, որ քանի չձգեցին իրենց հին գիւղերուն էրթալ, ատով կը ստուգէին, որ չվերադառնա՞յ արդեօք…»[vii]: ———————————————————————————- [i] 1928-1953 թթ. ընթացքում ԽՍՀՄում իրականացուած  բնակչութեան խոշոր  տեղահանման 52 գործողութիւններից 40ը դիտւում է որպէս էթնիկական: Ընդհանուր առմամբ ԽՍՀՄում ապրող 240 ժողովուրդներից այս կամ այն չափով տեղահանման են ենթարկուել 62ը՝ լեհեր, գերմանացիներ, մոլդովացիներ, լիտվացիներ, հայեր եւ «համշենցիներ»՝ համշենցի հայեր, քրդեր, չեչեններ, բալկարներ, ինգուշներ, կալմըկներ, կարաչայներ, Ղրիմի թաթարներ, թուրք-մեսխեթցիներ, կորէացիներ եւն, որից  10ի դէպքում տեղի է ունեցել էթնիկ միաւորի ամբողջական տեղանահութիւն: Առկայ տուեալներով տեղահանութեան է ենթարկուել  6,15  մլն մարդ (Сталинские Депортации 1928-1953гг. Докумены, Москва, «Материк»[1928-1953ի Ստալինյան Տեղահանութիւններ: Փաստաթղթեր, Մոսկուա, «Մատերիկ»], 2005,-http://stalinskie-deportacii.blogspot.am/):(Վերջին այցելութիւնը՝ 17.12.2018 ) [ii] Տե՛ս նաեւ սոյն գրքում հրատարակուող «Թունջելիի Հայը», «Գետինը Ականջ Ունի, Ըսես Նէ` Կ’երթայ Ձայնը»: [iii] Kimhe John. Seven fallen pillars, The Middle East, 1945 -1952, London, 1953, էջ 140. [iv] Տե՛ս՝ սոյն գրքում հրատարակուող «Մայրիկս Փորձել Է Իսկական Հաւատացեալ…» պատմութիւնը: [v] Տե՛ս՝ սոյն գրքում հրատարակուող «Սասունցիները» պատմութիւնը: [vi] Տե՛ս՝ սոյն գրքում հրատարակուող «Գետինը Ականջ Ունի»… պատմութիւնը: 1948ին Խարբերդում ծնուած Յակոբ Ալթընքայան 17.09.2011ի Հոկտեմբերին Ստամբուլում իր ընտանիքի պատմութիւնը պատմել է ազգագրագէտ Գոհար Ստեփանեանին: Ձայնագրութիւնը պահւում է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան Եւ Ազգագրութեան Ինստիտուտի, Գոհար Ստեփանեանի եւ Հրանուշ Խառատեանի անձնական արխիւներում: [vii] «Սասունցիները»:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
10-05-2020 21:37