Հետհեղափոխական առաջին քաղաքական մահապարտը. Էդմոն Մարուքյանի որոշումը

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը փաստացի մերժեց Իմ քայլը մեծամասնության առաջարկը՝ համատեղ վայր դնել մանդատները: Այդ առաջարկը բարձրաձայնել էր Իմ քայլի խմբակցության ղեկավար Մակունցը: Ըստ դրա, հայտնի միջադեպի ակտիվ մասնակից երեք իմքայլական պատգամավորները դնում են մանդատը, եթե մանդատը դնում է նաեւ Մարուքյանը եւ Լուսավորի եւս երկու պատգամավոր, որոնք ներգրավվել են միջադեպին: ԼՀԿ նախագահը հայտարարեց, թե ինչու՞ պետք է դնեն մանդատը, եթե իրենք ոչ մեկին չեն ծեծել, ու իրենց մանդատը տվել են քաղաքացիները: Ինչպես ասում են՝ «թղթով ամեն ինչ կարգին» է, բայց քաղաքականությունն անշուշտ ենթադրում է իրական ռեժիմ բազմաթիվ նրբերանգներով: Դրանց հանրագումարում, մանդատը դնելու իմքայլական առաջարկը Լուսավոր Հայաստանի առաջնորդի համար քաղաքական էական շրջադարձի բավականին պատեհ հնարավորություն էր, ընդ որում հանրությանը ներկայացվելիք բավական փաստարկված եւ քաղաքականապես արժեքավոր հիմնավորմամբ: Այդ դեպքում, Հայաստանում հաջորդ իշխանությունը լինելը՝ որի մասին Մարուքյանը հայտարարում էր իր լայվում, կդառնար առավել իրատեսական: Իսկ առայժմ, պահպանելով մանդատը, Լուսավոր Հայաստանի առաջնորդի համար իրատեսական է միայն հաջորդ որեւէ այլ իշխանության համար քաղաքական մահապարտությունը: Կամ, քաղաքական մահապարտությունը գործող իշխանության հաջորդ շրջափուլի համար: Առերեւույթ մեկնաբանությամբ, Էդմոն Մարուքյանն ինքն է սադրել բռնությունը, եթե իհարկե ընդհանրապես հնարավոր է ռացիոնալ խոսակցություն վարել բռնություն «սադրել» հասկացության շուրջ: Ի վերջո, կարելի է խեթ հայացքն էլ գնահատել սադրանք ու արդարացնել բռնությունը: Այդուհանդերձ, առերեւույթ սադրող գնահատվելով, Մարուքյանը փաստացի ինքն է տրվել սադրանքի, եթե հնարավոր է ասել այդ կերպ: Նրան հենց «սադրել» են մի դիրքավորման, որը քաղաքական մահապարտի կարգավիճակն է: Մանդատը վայր դնելն այդ ծուղակից դուրս գալու հնարավորություն էր, ընդ որում խոսքը ոչ թե խմբակցության, այլ հենց անհատական մանդատը վայր դնելու մասին է: Բայց ԼՀԿ առաջնորդը հայտարարեց, որ դիմադրելու են բոլոր հարվածներին: Կասկած չկա: Պարզապես նրանք այդպիսով դառնալու են վահան: Վահան բոլորի համար, մինչ այն պահը, երբ վահանը կդառնա ավելորդ կամ անպիտան: Իհարկե ելք կա, նաեւ գուցե առանց մանդատը վայր դնելու: Բայց այդ դեպքում բարդ է լինելու գտնել հենման կետը, որտեղից Մարուքյանը կապահովի քաղաքական շրջադարձը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-05-2020 16:24