Որևէ ճնշում չի կարող մեզ շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից. նախարար

12-05-2020 16:40

Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, պետք է հիասթափվեն: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր կառավարության գործողությունները գնահատել են անարդյունավետ, հրապարակել իրենց մոտեցումը: «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո որոշ շահարկումեր սկսեցին շրջանառվել հանրային տարբեր տիրույթներում: Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, այո՛, պետք է հիասթափվեն: Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու՝ որտե՞ղ է ճշմարտությունը»,-ասել է նախարարը: Բադասյանը շեշտել է՝ բոլոր անձինք, ովքեր կարծիք են հայտնել, որ կառավարության գործողություններն արդյունավետ չեն, պետք է հրապարակեն իրենց մոտեցումը: «Ըստ որի՝ հնարավոր է մի քանի ամսում իրականացնել բարեփոխումներ և հանրությանը տալ լավագույն դատական համակարգը: Կարծում եմ, երկու տարվա ընթացքում հաստատապես պետք է թղթին հանձնած լինեին իրենց մոտեցումը»,-նշել է նախարարը: Նա ասել է, որ որևէ ճնշում չի կարող կառավարությանը շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից:

Lragir.am,
12-05-2020 16:40