Աչաջուր գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի զինծառայողին

12-05-2020 17:14

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ս.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է: Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Վ.Ք.-ին, Ս.Ք.-ին և Յու.Ք.-ին քրեական գործով տուժող ճանաչելու մասին, և վերջիններս հարցաքննվել են: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի և Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաև՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
12-05-2020 17:14