ԱՄՆ ՄԶԳ-ն 11,5 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանին տրվող օժանդակությունը

16-05-2020 17:59

ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև մայիսի 13-ին ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից: Այս փոփոխությամբ 2013 թվականին ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձել է 51,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ բարեփոխումներին, որոնք իրականացվում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված նախաձեռնությունների խթանման, տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացների ու իրավունքի գերակայության միջոցով: ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության և մեդիա ծրագրերին, որոնք մեծացնում են քաղաքացիական ակտիվության ու իրազեկվածության մակարդակը և խթանում տեղեկատվության բազմազան և օբյեկտիվ աղբյուրների հասանելիությունը՝ առանձնակի շեշտադրելով մեդիագրագիտությունը: Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրված Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի փոփոխությամբ, համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս փոփոխությամբ 2010 թվականին ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 91,8 միլիոն ԱՄՆ դոլար:

Lragir.am,
16-05-2020 17:59