ՌԴ-ում Նժդեհին պետք է վերարժևորեն, Ադրբեջանում մեծարում են ֆաշիստների հետ համագործակցողին. Փաշինյան

16-05-2020 18:43

Ադրբեջանական քաղաքականությունը հետևյալն է` նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին: Մայիսի 16-ին առցանց ասուլիսում պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ զորավար Գարեգին Նժդեհի հերոսացման շահարկումները և Հայաստանի կողմից ֆաշիզմին տուրք տալու մեջ մեղադրանքները, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ դեռևս Աշխաբադում ԱՊՀ երկրների նիստի ժամանակ այդ հարցի վերաբերյալ իր գնահատականը տվել է: «Դրանից հետո, իմիջիայլոց, ռուսական մամուլում շատ լավ հոդված կարդացի Գարեգին Նժդեհի մասին, որտեղ ասվում էր, որ Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել և մասնակցել է Բալկանյան պատերազմին ռուսական բանակի կազմում և պարգևատրվել է: Այս առումով կարծում եմ` Ռուսաստանում ևս Գարեգին Նժդեհին` որպես պատմական ֆիգուր, դարասկզբին որպես ռուսական բանակի սպա, պետք է վերարժևորեն»,- ընդգծեց Փաշինյանը: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի և նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել: ՀՀ վարչապետը այս թեմայի հետ կապված ևս խոսեց փաստերով. «Շուրջ 600 հազար հայ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, ընդ որում` 100 հազար հայ մասնակցել է` բնակվելով Խորհրդային Միությունից դուրս, Եվրոպայի և ամերիկյան ուժերի կազմում: 300 հազար հայ զոհվել է կամ անհետ կորել: Պատերազմի պայմաններում 65 հայ ստացել է գեներալի կոչում: Ընդհանուր առմամբ՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում 115 հայ գեներալ է եղել և 4 մարշալ՝ Հովհաննես Բողրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը, Սերգեյ Ագանովը և մեկ ծովակալ Հովհաննես Իսակովը: Խորհրդային Միության հայազգի 107 հերոսներից 26-ը եղել են Լեռնային կամ Դաշտային Ղարաբաղից: 27 հայ համարվում է «Փառքի ասպետ»: Նշեմ, որ այդ փառքի շքանշանակիրներից մեկն իմ մայրիկի քեռին է: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ձևավորվել է 6 հայկական ազգային դիվիզիա` ընդհանուր 60 հազար զինվորով: Խորհրդային Միության հերոսների ցանկում ըստ ազգությունների հայերը 6-րդն են»: Փաշինյանը ներկայացրեց փաստական տվյալներ Ադրբեջանի կողմից նացիստների հետ համագործակցության վերաբերյալ. «Երկրորդ աշխարհամարտի տարիներին մոտավորապես 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական խմբավորումներում, ընդ որում` գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է բոլոր անհրաժեշտ ատրիբուտները` սկսած հագուստից»: Փաշինյանը ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով, ինչպես նաև տարբեր տեսակի ատրիբուտները: ՀՀ վարչապետը նշեց, որ աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը և ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը: Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ: «Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական լեգեոնական խմբավորումը, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետն այս պատմության մեջ կարևորում է այն, թե ինչպես են վերաբերվում ժամանակից Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեին, ով ադբեջանական նացիստական խմբավորման թիվ մեկ կազմակերպիչն է: «2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը: Ավելին, երկու անգամ հոբելյանական դրոշմանիշ է թողարկվել: Ռասուլզադեի արձանները և կիսանդրին են կանգնեցված Ադրբեջանի մի շարք քաղաքներում»,- եզրափակեց Փաշինյանը:

Lragir.am,
16-05-2020 18:43