Ինչպես է ԵՄ-ն բացում ներքին սահմանները. Իսպանիան և Իտալիան չեն շտապում սկսել տուրիստական սեզոնը

17-05-2020 18:24

Եվրամիությունն աստիճանաբար չեղարկում է վերահսկողությունը ներքին սահմաններում: Այն բանից հետո, երբ ԵՄ—ի մի շարք երկրներ հայտարարեցին մայիսի կեսերից տեղաշարժման վերսկսման մասին, Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջարկություններ՝ տուրիզմը «Covid—19»—ից փրկելու համար: Ինչպես հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, թուլացնելով միջոցառումները՝ երկրները պետք է «պաշտպանեն դիտարկման հուսալի համակարգերը եւ զգուշություն պահպանեն»: Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, սահմանների բացումը կենսականորեն անհրաժեշտ է, քանզի տուրիզմը միության տնտեսության կարեւորագույն ոլորտներից է: Եվրահանձնաժողովը մայիսի 13—ին ներկայացրել է առաջարկություններ, որոնք անդամ երկրները պետք է հաշվի առնեն պետական սահմանները բացելիս եւ զբոսաշրջային այցերը վերսկսելիս: «Իհարկե, մեզնից յուրաքանչյուրի համար սա անսովոր ամառ կլինի,–նշել է Եվրահանձնաժողովի թվային տնտեսության հարցերով ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեստագերը:–Սակայն եթե պետք է աշխատենք միասին՝ հաշվի առնելով հանձնաժողովի այս առաջարկները, ստիպված չենք լինի ամառն անցկացնել տանը, եւ եվրոպական զբոսաշրջային արդյունաբերությունը կարող է լիովին չկորցնել սեզոնը»: Համաշխարհային տուրիստական կազմակերպության տվյալներով՝ 2020 թ. նախորդ տարվա համեմատությամբ այդ ուղղությամբ անկումը կկազմի 60—80 տոկոս: Հաշվի առնելով, որ տուրիզմը կազմում է Եվրամիության ՀՆԱ—ի մոտ 10 տոկոսը, եւ 2018 թ. այնտեղ այցելել են ավելի քան 563 մլն անգամ, միությանը սկզբունքորեն կարեւոր է մոտ ժամանակներս վերականգնել այդ ուղղությունը: «Սահմանների միակողմանի փակումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն ԵՄ—ի ինստիտուտների հեղինակության, միասնական շուկայի աշխատանքի, տնտեսության, գործազրկության մակարդակի, այլեւ տեղաշարժման ազատության վրա, որը կենսականորեն անհրաժեշտ է զբոսաշրջային հատվածի համար,–հայտարարել է Եվրախորհրդարանի տրանսպորտի եւ տուրիզմի կոմիտեի անդամ, բուլղարացի պատգամավոր Պետար Վիտանովը:–Եվրահանձնաժողովի հայտարարած սկզբունքներն անհրաժեշտ քայլ են: Ապագայում տուրիզմն ու տրանսպորտը պետք է դառնան վերականգնման առումով կենտրոնական թեմաներից մեկը, որովհետեւ հենց այդ ոլորտներն են ծայրահեղորեն կարեւոր դեր խաղում եվրոպական տնտեսության մեջ»: Որպես օգնություն տուրիստներին ու ճանապարհորդներին՝ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել հետեւյալ սկզբունքները: Սահմանային վերահսկողության չեղարկման դեպքում երկրները պետք է հաշվի առնեն երեք չափորոշիչ՝ վիրուսոլոգիական իրավիճակը, սահմանների հատման դեպքում սահմանափակումների պահպանման հնարավորությունը եւ սոցիալ—տնտեսական գործոնը: Եվրահանձնաժողովը պնդում է «առանց խտրականության» սկզբունքը. մուտքը երկիր պետք է թույլատրվի բոլորին, ով կժամանի վիրուսոլոգիական նման իրավիճակ ունեցող տարածաշրջանից: Տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելիս, կլինի ինքնաթիռ, գնացք, ավտոմեքենա կամ ջրային տրանսպորտ, կարեւոր է կրճատել ուղեւորների շփումները տրանսպորտային միջոցի աշխատողների ու միմյանց հետ, ինչպես նաեւ սկզբնական շրջանում սահմանափակել ուղեւորահոսքը: Վերականգնելով հյուրանոցների եւ հանգստյան այլ վայրերի աշխատանքը՝ կարեւոր է հաշվի առնել վիրուսոլոգիական ցուցանիշները, տեղի բնակիչների եւ տուրիստների համար բժշկական օգնության մատչելիությունը, ինչպես նաեւ մոնիտորինգը, թեստավորումն ու «Covid—19»—ով վարակվածների հետ շփմանը հետեւելը: Անհրաժեշտ է ապահովել այնպիսի ծրագրերի համատեղելիությունը, որոնք հետեւում են «Covid—19»—ով վարակվածների հետ կապին տարբեր երկրներում եւ գործառնական տարբեր համակարգերում: Զբոսաշրջիկները, որոնց այցելությունները չեն կայացել կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխհատուցման իրավունք ունեն. նրանք կարող են ընտրություն կատարել փողի եւ 12 ամսով վաուչերի միջեւ: Միեւնույն ժամանակ գերադասելի է երկրորդ տարբերակը, որովհետեւ այն կարող է նվազեցնել տուրօպերատորների ծանրաբեռնվածությունը: Եվրահանձնաժողովը զբոսաշրջային բիզնեսի համար սահմանել է աջակցության հետեւյալ միջոցառումները. ա) պետական երաշխիքների համակարգը՝ նույն վաուչերների սխեմայի ապահովման, ինչպես նաեւ ԵՄ—ի կողմից ներդրման համար. 100 հազար ձեռնարկության, որպես օգնություն, հատկացվել է 8 մլրդ եվրո: բ) Տուրիզմի ընդգրկումը SURE (ժամանակավոր աջակցություն՝ արտակարգ իրավիճակներում գործազրկության ռիսկերի նվազեցման համար) ծրագրում, որն աշխատատեղերի պահպանման համար ենթադրում է 100 մլրդ եվրո: գ) Բարեգործական վաուչերների համակարգի առաջմղում, որի օգնությամբ հաճախորդները կարող են աջակցել տեղի սերվիսներին՝ հյուրանոցներին, ռեստորաններին եւ այլն: Մեկ օր անց Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել տեղի հյուրանոցների համար՝ հյուրերի թվի սահմանափակումից մինչեւ սոցիալական հեռավորության պահպանումը: «Սահմաններն անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել, սակայն պայմանն այն է, որ հարեւանների մոտ վարակակիրների թիվը նվազի,–ասել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Կոսմա Զլոտովսկին:–Այդ որոշումները պետք է կայացնեն յուրաքանչյուր անդամ պետության սանիտարական իշխանությունները»: Սահմանները բացելու վերաբերյալ իրենց որոշման մասին ԵՄ—ի որոշ անդամներ հայտարարել են դեռ մինչեւ Եվրահանձնաժողովի առաջարկները: Առաջինը Լատվիան, Լիտվան ու Էստոնիան են, որոնք պայմանավորվել են դեռ մայիսի 15—ից հանել միմյանց միջեւ խոչընդոտները: Միեւնույն ժամանակ Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսը նշել է, որ բալթյան երկրների միջեւ ազատ տեղաշարժի գոտուն կարող էին միանալ Ֆինլանդիան ու Լեհաստանը, որոնք, սակայն, չեն պաշտպանել այդ գաղափարը: Հելսինկին սահմանները բացել է մայիսի 14—ին՝ միայն Շենգենի գոտում աշխատանքային այցելությունների համար, իսկ Վարշավան վերահսկողությունը երկարաձգել է մինչեւ հունիսի 12—ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վիրուսի տարածումը բալթյան երկրներում զգալիորեն նվազել է: Սակայն նրանք մյուսների հետ միասին միջոցառումների թուլացման շրջանում պետք է պաշտպանեն դիտարկման հուսալիություն ու զգույշ լինեն: ԱՀԿ—ն հետեւում է, որպեսզի տեղաշարժման հարցում սահմանափակումների վերացման մասին որոշումն ընդունվի կոնկրետ փաստերի հիման վրա: Պետությունների հաջորդ եռյակը, որոնք սկսել են խոսել ազատ տեղաշարժման մասին, Ավստրիան, Չեխիան ու Սլովակիան են: Ինչպես հայտարարել է սլովակյան ԱԳՆ—ի ղեկավար Մարտին Կլյուսը, այդ երկրները կարող են «մինի Շենգենի պես մի բան ստեղծել»: Այդուհանդերձ, առաջին հարեւանը, որի հետ Վիեննան ցանկանում է բացել սահմանը, Գերմանիան է. սահմանային վերահսկողությունը կհանվի հունիսի 15—ից: Նման թուլացումներ են սպասվում նաեւ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի ու Եվրոպայի արեւելյան մասի հարեւանների հետ սահմաններում: Գերմանիան մտադիր է այսօրվանից թուլացնել վերահսկողությունը Ավստրիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հետ սահմաններում: Եթե իրադարձությունները բարեհաջող ընթացք ունենան, Շվեյցարիան այդ երկրների հետ սահմանները լիովին կբացի հունիսի 15—ից: Զբոսաշրջիկների ներգրավման եվրոպական կարեւորագույն կենտրոնները՝ Իսպանիան ու Իտալիան, չեն շտապում բացել տուրիստական շրջանը, քանզի «Covid—19»—ի հիմնական հարվածը հենց այդ երկրներն են կրել: Հռոմում ուշադրություն են դարձրել Եվրահանձնաժողովի՝ «առանց խտրականության» սկզբունքին: Ինչպես հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ԵՄ—ի շրջանակներում երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են ստեղծել զբոսաշրջային արտոնյալ ալիքներ, անընդունելի են այդ երկրի համար: Նման քայլերը, ըստ քաղաքագետի, կարող են փլուզել եվրոպական միասնական շուկան: Ուստի Իտալիան, որն առաջինը կընդունի եվրոպական տուրիստական խմբերին, դա կանի հուլիսին կամ նույնիսկ օգոստոսին: Տուրիստական շրջանի՝ հուլիսի 1—ից բացման մասին խոսում են նաեւ Հունաստանում: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նման լավատեսական կանխատեսումը բացատրել է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում անկում է ապրում: Ի դեպ, հենց նա է առաջարկել «անվտանգ միջանցքի» ստեղծման գաղափարը 7 երկրի միջեւ, որոնք համեմատաբար հաջող են պայքարել վիրուսի դեմ: Խոսքն Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսրայելի, Սինգապուրի, Չեխիայի ու Ավստրալիայի մասին է: Այդ նախաձեռնության ճակատագիրը, սակայն, դեռ պարզ չէ: Պատրաստեց  Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

Lragir.am,
17-05-2020 18:24