Մանկապարտեզի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, եթե չպահպանեն անվտանգության կանոնները

18-05-2020 00:46

Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք շարունակական կլինեն ամեն օր, իսկ մայիսի 20-ից մանկապարտեզները կվերաբացվեն: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Մանկապարտեզները գործելու են հատուկ կանոնակարգերով, այսինքն՝ մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքների հետ, որոնք հեռավար իրականացնելու հնարավորություն չունեն: Եվ մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են: Սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք»,- ասաց Վիրաբյանը: Փոխքաղաքապետի խոսքով՝ Երևանի 161 մանկապարտեզների կողմից նախնական հարցումներ են անցկացվել 31 հազար ծնողների շրջանում, և նրանցից մոտ 11 հազարը գտնվում են այս կարգավիճակում և ցանկություն են հայտնել երեխային տանել մանկապարտեզ: «Մշակվել են բոլոր անվտանգության կանոնները, որոնցով մանկապարտեզները պետք է գործեն՝ սկսած բակային տարածքի նշագրումից, որպեսզի առավոտյան ծնողները կարողանան պահելով սոցիալական հեռավորությունը՝ առավոտյան երեխային բերեն մանկապարտեզ: Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ, երեխաներին դիմավորելու են մանպակարտեզների աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անելու, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն՝ ընդունելու են մանկապարտեզ: Եվ պետք է հորդորեմ բոլոր ծնողներին՝ ցուցաբերել համբերություն, որպեսզի կարողանան այդ ժամանակահատվածում մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք գործեն մանկապարտեզ, և իրենք համբերատար պահեն անվտանգության բոլոր կանոնները»,- ասաց Վիրաբյանը: Խմբերում լինելու են մոտավորապես 8-10 երեխա, ինչը հնարավորություն կտա անվտանգության բոլոր կանոնները պահպանել: Մանկապարտեզներում հրաժարվելու են այն խաղատեսակներից ու խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ: Հրաժարվելու են նաև այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում: Ինչ վերաբերում է աշխատակիցներին, Տիգրան Վիրաբյանն ասաց, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները կազմում եմ աշխատակիցների 20-22 տոկոսը: Նրանք չեն գա աշխատանքի, բայց կշարունակեն վճարվել այնպես, ինչպես վճարվել են մինչ այսօր: «Ինչ վերաբերում է սնունդին, մենք քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ սնունդը նույնկերպ ենք կիրառելու, ինչպես եղել է նախկինում, բնականաբար, որոշակի կանոնների խստացումով: Այսօր քաղաքապետարանում ես քննարկում եմ ունեցել մատակարարների հետ, որոնք սնունդ են մատակարարում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մանկապարտեզներին, և մատակարարների հետ աշխատանքային նոր ձևաչափ ու նոր կանոններ են սահմանվել»,- հավելեց նա: Մանկապարտեզների աշխատակիցները պետք է խստորեն պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, Տիգրան Վիրաբյանը զգուշացրեց՝ այն աշխատակիցները, ովքեր կվտանգեն երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը,  շատ արագ կազատվեն աշխատանքից: «Անվտանգության կանոնները չպահպանողների հետ որևէ կոմպրոմիսային լուծման չենք գնալու, ուղղակի ազատվելու ենք այդ աշխատակիցներից»,- նշեց նա:

Lragir.am,
18-05-2020 00:46