ԵՄ-ն հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոց

19-05-2020 10:46

Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան «Գիլիըդս» ընկերությունը ստացել է «Ռեմդեսիվիր» դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել «Ռեմդեսիվիր»-ը՝ թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը: ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ: Բացի «Ռեմդեսիվիր»-ից, Ռասին նշել է, որ COVID-19- ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը: Վիրուսի բռնկումից հետո աշխարհի մի շարք երկրներում մեծ հետաքրքրություն առաջացավ «Ռեմդեսիվիր»-ի միջոցի նկատմամբ, քանի որ ներկայումս չկան հաստատված այլ բուժումներ կամ պատվաստանյութեր COVID-19- ի դեմ:

Lragir.am,
19-05-2020 10:46