Պուտինը մերժեց Հայաստանին ու Բելառուսին, ԵԱՏՄ զարգացման փաստաթուղթը չընդունվեց

19-05-2020 14:34

Այսօր կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որում քննարկվել է Եվրասիական տնտեսական ինգեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի հիմքերից մեկը պետք է դառնա էներգառեսուրսների միասնական շուկան՝ ոչ խտրական սկզբունքներով: Այս մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը: «Գլոբալ տնտեսական մարտահրավերների պայմաններում, որից առաջ կանգնած ենք, գազային ընդհանուր շուկայի ստեղծումը Հայաստանը զգում է շատ սուր: ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի հիմքերից մեկը պետք է դառնա էներգառեսուրսների միասնական շուկան՝ ոչ խտրական սկզբունքներով: Առանց դրա անհնար է ինտեգրացիոն գործընթացների որակական առաջընթաց», – ասել է Փաշինյանը: Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթղթում պետք է արձանագրվի ԵԱՏՄ ընդհանուր գազայի շուկայում գազի գնագոյացման հարցում միասնական մոտեցումների կիրառման սկզբունքը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհամաձայնություն է հայտնել՝ նշելով, որ ԵԱՏՄ-ում գազի տարանցիկ փոխադրման միասնական սակագին կարող է լինել միայն միասնական բյուջեի ու հարկային համակարգի դեպքում: Պուտինի խոսքով, սակայն, այդպիսի խորն ինտեգրացիայի դեռևս չեն հասել: «Իսկ մինչ այդ գազի գները պետք է ձևավորվեն շուկայական հիմքերով, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովեն եկամուտի հիմնավորված նորմա: Սա սովորական համաշխարհային պրակտիկա է», – ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինն ասել է, որ զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթղթի ստորագրմանը խանգարում է միայն գազի փոխադրման սակագների հարցը: Պուտինի խոսքով, առկա է բանաձև, որով գործում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը, բայց չեն ընդունում Հայաստանն ու Բելառուսը: ՌԴ ղեկավարի խոսքով, եթե Հայաստանին ու Բելառուսի դիրքորոշումը չփոխվի, տրամաբանական կլինի գազի վերաբերյալ կետը հանել նախագծից: Ի վերջո, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկով փաստաթղթի հաստատումը հետաձգվեց: Ղազախստանի ղեկավարի խոսքով, մի շարք հարցեր պետք է լրացուցիչ քննարկվեն: Նա առաջարկել է փաստաթուղթն ընդունել հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: «Վաղ, թե ուշ տեսնվելու ենք», – եզրափակել է Տոկաևը:

Lragir.am,
19-05-2020 14:34