Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի

19-05-2020 16:16

Երևանի կենդանաբանական այգում մայիսի 19-ին ծնվել է պտավոր եղջերուի առաջին ձագուկը՝ Բեմբին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը: «Ընդհանուր առմամբ այս տարի արդեն ծնվել է 12 կենդանի՝ 1 շոտլանդական պոնի, 9 հայկական մուֆլոն, 1 բեզոարյան այծ և այսօր էլ 1 պտավոր եղջերու: Այժմ ծնի շրջան է սմբակավոր կենդանիների մոտ և այդ նույն կենդանիներից դեռ սպասում ենք նոր ծիներ: Թռչուններից էլ ծնվել են կաքավներ, փասիանների մի քանի տեսակ, սակայն դրանք այժմ պահվում են հատուկ վայրում: Որոշ թռչունների ձվերի մեծ մասն էլ դրված է ինկուբատորում»,- նշեց Ասատուրյանը: Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվում է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով: Մուտքի մոտ առկա են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ: Իրականացվում է տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ այգու ներսում ակռա են սահմանափակումներ: Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Lragir.am,
19-05-2020 16:16