Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ

19-05-2020 16:12

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվսնագիտության վարչությունից: «Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: Գոհունակությամբ նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ընթացող երկխոսության դինամիկան՝ ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ քայլերը: Ի թիվս այլ ուղղությունների՝ առանձնահատուկ ընդգծվեց դեղագործության, այլընտրանքային էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում հայ և եգիպտացի գործընկերները կարևորեցին նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Արտգործնախարարներն անդրադարձան նաև բազմակողմ շրջանակներում, այդ թվում՝ Աֆրիկյան միությունում, ԵԱՏՄ-ում, ՄԱԿ-ում համագործակցության հարցերի: Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Շուքրին մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ՝ վերահաստատելով պատմական բարեկամության ավանդույթների վրա հիմնված միմյանց հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի և Եգիպտոսի պատրաստակամությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Lragir.am,
19-05-2020 16:12