Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը

19-05-2020 17:34

Մայիսի 19-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը: Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ: Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները: Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն: Ոստիկանները հետևում են, որ ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը: Հետևում են, որ ուղևորներն ու վարորդը պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակներ: Ոստիկանության ծառայողները և՛ վարորդներին, և՛ ուղևորներին հիշեցնում են, որ անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն: Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից:

Lragir.am,
19-05-2020 17:34