ԵԽԽՎ զեկուցողը ողջունել է ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ իշխանությունների որոշումը

19-05-2020 18:17

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ: «Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ կայքից: «Հայաստանի իշխանությունները որոշել են Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի իրավաբանական փորձագետների մարմնի կարծիքը ստանալ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, և սա շատ լավ նորություն է», – ասել է Կիլյունենը: Նա նշել է՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի դադարեցումը և կառավարության՝ կարծիք հայցելու և հարցը խորհրդարան վերադարձնելու վերաբերյալ արված ընտրությունն առավել կարևոր է ` հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն այժմ ժամանակ կունենան արտացոլելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ մինչ հետագա գործողություններ ձեռնարկելը և հասարակությանը տեղեկացնելը: «Ես անհամբերությամբ սպասում եմ կարդալու կարծիքը և տեսնելու, թե ինչպես է այն հաշվի առնվում: Այս որոշումը Եվրախորհրդի և  Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է», – ավելացրել է նա:

Lragir.am,
19-05-2020 18:17