Հայ-Իռլանդական ստարտափ Բայմին €2.2 միլիոն ներդրում է ստացել

20-05-2020 14:35

Հայ-Իռլանդական մթերային ապրանքների առաքում իրականացնող ստարտափը վերջնականացրել է €2.2 միլիոն ֆինանսավորման ստացումն ու Լիդլ Իռլանդիայի հետ համագործակցության կնքումը: Ընկերության համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Արտավազդ Սոխիկյանը մեկնաբանեց նորությունը «Իրապես, սա մեծ հաջողություն է, հատկապես հաշվի առնելով, որ «Բայմի»-ի տեխնոլոգիական մասն ամբողջությամբ հայկական է, աշխատել եւ աշխատում են հայ մասնագետներ: Ավելին, մեր տեխնիկական թիմըը հիմա ակտիվ աշխատակիցներ փնտրելու փուլում է, ու մոտ ապագայում հույս ունենք մեր թիմը համալրելու հայ մասնագետներով: Մեր մոդելի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն մեքենաներ կամ մեծ պահեստներ չի պահանջում: Այս ամենին փոխարինելու են եկել առաջատար տեխնոլոգիաները, որոնց միջոցով սպառողները կապ են հաստատում քաղաքի տարբեր ծայրերում գտնվող խանութների հետ , ու պատվերներ կատարում»: Ընդլայնման նոր համագործակցության մասին խոսելիս՝ «Բայմի»-ի համահիմնադիր եւ տնօրեն Դեւան Հյուզը նշել է, – «Հպարտ ենք տեղեկացնելու «Բայմի»-ի՝ վերջերս հաջողությամբ ստացած ներդրման, ինչպես նաև Լիդլ ընկերության հետ համագործակցությունն ամրապնդելու մասին: Հաշվի առնելով Իռլանդիայում եւ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի՝ COVID-19-ի աճի ցուցանիշները, կարող ենք վստահորեն ասել, որ այս համագործակցությունը միտված է գործարարության ոլորտի խթանմանը՝ վերածելով արդի մարտահրավերները հնարավորությունների»: Լիդլ Իռլանդիայի էլեկտրոնային կոմերցիայի տնօրեն Ալան Սթյուարտը, մեկնաբանելով համագործակցությունը, նշել է. «Լիդլն ուրախ է այս համագործակցության ընդլայնմամբ: Մեր՝ օրեցօր ընդլայնվող հաճախորդների բազային գնումներ կատարելուն ճկունություն տալը ջերմորեն ընդունվեց հազարավոր հաճախորդների կողմից Դուբլինում եւ հարակից տարածքներում:  Արդյունքում մեր ամսական ակտիվ հաճախորդների թիվն աճել է 39%-ով: Մենք միշտ պատրաստ ենք եւ ուսումնասիրում ենք աճի ու ընդլայնման հետագա հնարավորությունները; Շուկայի մասնաբաժնի աճը երկու ընկերությունների համար 2019թ.-ին ապշեցուցիչ էր, եւ մենք հիմա ուրախ ենք, որ այս դժվարին ժամանակներում կարողանում ենք էլ ավելի ընդլայնվել ու մեր ծառայությունները ներկայացնել հաճախորդներին»: «Բայմի»-ի մասին «Բայմի»-ն հաճախորդներին հնարավորություն է տալիս մի քանի մթերային խանութից գնումներ կատարելու, իսկ 2019թ.-ին հայտարարեց Լիդլի հետ առաջին համագործակցության մասին: Կորոնավիրուսային ճգնաժամի ի հայտ գալուն պես օնլայն գնումները բավականին լուրջ ճնշման տակ հայտնվեցին, ինչը ստիպեց ծավալներն ավելացնել, իսկ մեծ խանութները հասկացան, որ իրենց առաքման մոդելները այնքան էլ ճկուն չեն, որպեսզի համապատասխանեն աճող պահանջարկին: Առաջին տարվա հաջող համագործակցությունն ու վերջին ֆինանսավորումը նոր ուղու վրա են դրել Լիդլ – Բայմի գործընկերությունը: Այժմ ընկերությունները կենտրոնացած են ռազմավարական, բազմամյա ընդլայնման ծրագրի վրա, ինչի շնորհիվ «Բայմի»-ի կարողություններն էականորեն կզարգանան առաջիկա տարիների ընթացքում: «Բայմի»-ն իր առաջին ներդրումը ստացել է 2016թ.-ին Էնթերփրայզ Այրլանդից: Այդ ժամանակ ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Դեւան Հյուզը կազմակերպության առաջին եւ միակ առաքիչն էր: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը ներդրողներից €5 միլիոնից ավելի ներդրումներ է ստացել: Վերջին ներդրումը՝ €2.2 միլիոն, ներգրավել է հայտնի վենչուրային կապիտալի ընկերություն՝ ԱԿՏ Վենչուր Կապիտալը, Շուր Վելլի Վենչուրսի և մեկ այլ երկարաժամկետ ներդրող՝ Հետչ Վենչուրսի մասնակցությամբ: Մեկնաբանելով իրենց վերջին ներդրումը՝ ԱԿՏ Վենչուրս Կապիտալի գործընկեր Դեբբի Ռեննիքն ասել է. «Հարմարավետության եւ արագ առաքման աճող պահանջարկ կա օնլայն գնումների տիրույթում ու մենք ակնկալում ենք, որ այս միտումը շարունակական է լինելու:  «Բայմի»-ն լուրջ աճ է գրանցել իռլանդական շուկայում վերջին տարվա ընթացքում եւ հիմա բավականին լավ դիրքում է գտնվում՝ էլ ավելի ընդլայնվելու եւ միջազգային շուկա դուրս գալու համար»:

Lragir.am,
20-05-2020 14:35