Երևանի մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները․ քաղաքապետարան

20-05-2020 16:06

2 ամսից ավելի չգործող համայնքային մանկապարտեզները մայիսի  20-ի առավոտյան բացեցին դռները՝ ընդունելով առաջին սաներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը․ «Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Այստեղ բույժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգում են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո՝ ախտահանում երեխաների կոշիկներն ու առանձին-առանձին ուղեկցում ներս»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպե՞ս են պահպանում հակավարակային անվտանգության կանոնները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է անձամբ՝ անակնկալ այցելելով տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներ: 1.5մ հեռավորություն՝ խմբասենյակներում և ննջասենյակներում, երեխաների և աշխատակիցների հիգիենայի կանոններ. բացված մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կկրեն դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերն էլ հաճախ կախտահանեն: Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա: Փոխքաղաքապետը մանկապարտեզների ընդհանուր պատրաստվածությունը դրական է գնահատել: «Այսօր ունեինք վերջին հարցումներով գրանցաված երեխաների շուրջ 25 տոկոսի հաճախում, ինչն սպասելի էր: Վստահ եմ, որ առաջիկա օրերին տոկոսները կավելանան: Մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մանկապարտեզ բերել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում հեռավար կատարել իրենց աշխատանքը և երեխաները խնամքի կարիք ունեն»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: Երևանի փոխքաղաքապետը հետաքրքրվեց նաև սննդի մատակարարման գործընթացով: «Մատակարարները մեր բոլոր պայմանավորվածությունները կատարել էին: Սննդի որոշ տեսակների փաթեթավորման առումով արված փոփոխությունները նույնպես գոհացուցիչ էին»,- հատկանշել է Տիգրան Վիրաբյանը: Բոլոր մանկապարտեզների աշխատակիցները ծնողների հետ մշտական կապ կպահպանեն: Հունիսի 1-ին ընդառաջ կրկին ճշտումներ կարվեն՝ հաճախելիության մոտավոր թվային պատկեր ունենալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Lragir.am,
20-05-2020 16:06