«Տավուշ տեքստիլ»-ի տնօրենը արտադրամասում ստեղծված իրավիճակի մասին

«Տավուշ տեքստիլ» ընկերության 800 աշխատակիցներից 160-ը մեկուսացված են, քանի որ ձեռնոց գործող արտադրամասի աշխատակիցներից 7-ի մոտ կորոնավիրուս է հաստատված: Տուն են ուղարկվել հենց այդ արտադրամասի բոլոր 160 աշխատակիցները: «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը Lragir.am-ի հետ զրուցում մանրամասներ ներկայացրեց: Պարոն Եզեկյան, անվտանգության կանոնները պահպանվե՞լ են արտադրամասում, և վարակի տարածման աղբյուրը հայտնի՞ է: Այո, կանոնները պահպանվում են: Աղբյուրը հայտնի չէ, թե որտեղից է աշխատակիցը վարակը հետը բերել: Աշխատանքից դուրս իր մոտիկ շրջապատում կոլեկտիվի անդամների հետ շփում է ունեցել, 7 հոգի թեստերով հիմա հսկողության տակ են: Քանի՞ աշխատակից է կոնկրետ մեկուսացված: Չնայած նրան, որ ձեռնոց գործող արտադրամասում աշխատակիցներն իրար հետ չեն շփվել, ամբողջ արտադրամասի աշխատանքը երեկ իմ ցուցումով կանգնեցվել է, հիմա ախտահանման ու կապիտալ մաքրման աշխատանքներ են իրականացվում: Այդ արտադրամասի աշխատակիցներից 160 հոգի ընդհանրապես կապ չեն ունեցել վարակակիրների հետ, բայց այս պահին նրանց ուղարկել եմ տուն, հիմա թեստերի հարցն ենք լուծում, որ բոլորը թեստավորվեն: Պետք է պարզենք՝ վարակակիրների հետ շփվել են, թե ոչ, որովհետև երևանցիները հերթով գալիս են Տավուշ, և չգիտես՝ այս մարդիկ վարակված են, թե չէ: Այդ աշխատակիցներին հիմա ուղղակի ուղարկել ենք տուն, մեր հաշվին թեստեր կվերցնենք, կթեստավորենք, հանգիստ կաշխատեն: Խոսքը միայն ձեռնոցի արտադրամասի մասի՞ն է: Այո, ձեռնոց գործող արտադրամասում է դեպքը գրանցվել: Մենք մի քանի արտադրամասեր ունենք՝ իրարից անկախ, իրարից հեռու, տարբեր տրանսպորտային միջոցներով են տեղափոխվում մարդիկ, մեկը մյուսի հետ կապ չունի: Մենք ընդհանուր ունենք 800 աշխատակից, այդ 160 աշխատակցի անվտանգությունը պահելով՝ նստեցրել ենք տանը, այդ մեկ արտադրամասի գործունեությունը դադարեցրել ենք, մյուս արտադրամասերում ոչ մի խնդիր չունենք: Տեքստիլ արտադրամասերի համար հստակ անվտանգության կանոններ են սահմանված՝ միմյանց մեջքով պետք է կանգնել, հեռավորություն պահպանել, պարբերաբար ախտահանել տարածքը և այլն: Այդ կանոնները պահպանվո՞ւմ են արտադրամասում: Մեզ մոտ բոլոր չափանիշները պահպանվում են, ստուգումների էլ են եկել մեզ մոտ: Բայց առաջին հերթին այն մասին խոսենք, որ մինչև օրս որևէ ուղեցույց չկա: Որոշակի պատկերացում կա, բայց կոնկրետ ուղեցույց չկա, որով կարելի է աշխատել: Բայց այն, ինչ մենք պատկերացնում ենք, այն, ինչը պարետի որոշումներով կա, պահպանվել է: Չես կարող վերահսկել, երբ մարդիկ արտադրամասից դուրս են գալիս: Իմ մոտից դուրս են գալիս, ես ուզեմ թե չուզեմ այդ մարդկանց դրսում չեմ կարող վերահսկել: Փոքր քաղաք է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, իրար հետ շփվում են: Մանավանդ մեր կոլեկտիվը կուռ կոլեկտիվ է, մարդիկ իրար հետ մոտ են, ուզում ես ձեռնոցով եղիր, թե դիմակով, մեկը մյուսի տուն է գնում, և այսպիսի հարցեր են լինում: Դե բնական է սա, ուղղակի սրա հետ պետք է համակերպվենք: Մենք անվտանգության միջոցառումներն իրականացնում ենք, բայց եթե այդքանից հետո դեպք է լինում, ի՞նչ անենք: Այն էլ ասեմ, որ երբ անվտանգության միջոցառումներն արվում են, ոչ ոք չի ասում՝ բացառվում է վարակի տարածումը: Ուղղակի որոշ չափով կանխվում է: Հիմա ունենք 800 աշխատող, նրանցից ընդամնենը 7 հոգի է վարակված, դա քանի՞ տոկոսն է կազմում: Եթե մենք կանոնները չպահեինք, հիմա վարակված կլիներ 800 հոգի: Իսկ վարակվածների թվում ծանր դեպքեր կա՞ն: Ոչ, մեր աշխատողների միջին տարիքը երիատասարդ է՝ 30 տարեկանից ցածր: Հաստատված դեպքերը բոլորն էլ չեն պատկանում ռիսկային տարիքի, առողջ են, տաքություն չունեն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
20-05-2020 19:14