Մոսկվան ոտքի է հանել իր ճորտերին: Գողապետությունը պետք է ոչնչացվի իր պարագլուխներով ու թերմացքներով

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը  Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնի վերաբերյալ Հայաստանի և Բելառուսի հարցադրումներին՝ նշելով, որ ԵԱՏՄ տարածքում գազի միասնական գնագոյացման մասին խոսելը վաղ է, այդ մեխանիզմի համար պետք է ավելի խորը ինտեգրացիա, ինչը հիմա չկա: Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը և ի՞նչ է նա ակնարկում սրանով: «Գազպրոմի» նման կառույցները ստեղծվել են իրենց հասկացածով ԽՍՀՄ-ը վերաստեղծելու համար: Դա ճնշման գործիք է, որով փորձում են երկու անհնազանդ երկրներին՝ Բելառուսին և Հայաստանին, ծնկի բերել: Տարբեր եղանակներով են դա անում: Ապրիլյան պատերազմը սանձազերծեցին՝ չստացվեց, հիմա տնտեսական լծակն են գործի դրել, որը գեոստրատեգիական գործիք է: Ուրիշ բան չկա: Պուտինն ասում է մինչև խորը ինտեգրացիան միասնական մեխանիզմ չի լինի: Այսինքն ինքը մտածում է, որ մինչ այդ Ռուսաստանը մնալո՞ւ է: Սրանց ուղեղի մեջ ժողովրդավարություն, անկախություն, ազատություն, բարեկամություն հասկացություններ գոյություն չունեն: Կա կենտրոն, որին պետք է ենթարկվեն, և դրա համար պարբերաբար աշխարհը խառնում են իրար: Հիտլերի հետ են համագործակցում, հետո ջախջախում են, Էրդողանի հետ են սիրախաղ անում, փաթաթվում, հետո նորից ջախջախվում են, և այս քաղաքականությունը շարունակվում է: Հայ ժողովրդի հետ էլ բարեկամ են խաղում: Ինձ թվում է, ուղղակի Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունն զգուշանում է 4-րդ հանրապետություն հռչակելուց, բայց  գնում է այդ ուղղությամբ: Մենք հիմա պետականության վերականգնման ճանապարհին ենք՝ սերժա-ռոբա-գողապետության տապալման արդյունքում: Մարիոնետային իշխանությունը տապալված է Հայաստանում: Բելառուսն էլ նույնն է անում, ռուսներին հարազատ այդ ժողովուրդն անգամ փախչում է իրենցից: Պուտինը հայտարարել է, որ քանի որ Հայաստանի և Բելառուսի դիրքորոշումները այդ հարցում անփոփոխ է, ապա իրենց 5-ամյա ռազմավարությունից այդ կետը արժի հանել և ռազմավարությունն ընդունել առանց դրա: Բնականաբար, այդ դրույթը պետք է հանվի, որովհետև իրենք չեն զիջելու: Այնպես չի, որ մենք հանձնվենք, ավելի լավ պայմաններ կստանանք: Դրա համար Հայաստանն ու Բելառուսն իրենց ականջին օղ են անում և համագործակցաբար ԵԱՏՄ-ի բուրգը աստիճանաբար դարձնում են դեմոկրատական կառույց: Դրա մոդելը կա, Եվրամիությունն է, որը կենտրոն չունի: Բրյուսելը կենտրոն չի: Եթե ԵՄ-ն կենտրոն ունենար, Բեռլինը պետք է լիներ, որովհետև հզորը նա է, բայց Բրյուսելում է կենտրոնակայանը: Դա նույնն է, որ ԵԱՏՄ կենտրոնակայանը լիներ Երևանում, ոչ թե Մոսկվայում: Այդ դեպքում կլիներ, որ իրենք գնում են քաղաքակիրթ ճանապարհով: Դրա համար պետք է մտածել էներգակիրների նոր աղբյուրների մասին և ուժեղացնել անկախության քաղաքական, տնտեսական, մշակութային բաղադրիչները: Հայաստանն Աստվածաշնչով արարչագործության հայրենիքն է: Մարդկության ցեղն առաջացել է Արարատի ստորոտին: Ըստ էության, Պուտինը չի ցանկանում զիջել գազի գնի հարցում և պարբերաբար Հայաստանին սպառնում է գազի գնո՞վ: Միայն գազով չի սպառնում: Գազի գինը դեռ տատանվելու է աշնանը կորոնավիրուսի հետ կապված: Բացի այդ, սննդի պրոբլեմ է լինելու, մենք երկաթուղի չունենք, իրենք են քայքայել: Լարսի ճանապարհով մեզ մատի վրա խաղացնելու են: Հայ վարորդների կյանքն ուտելու են, կաշառքներ են ուզելու: Օրը մեկ Լարսի ճանապարհին ժայռ է գլորվելու, ձյուն է նստելու, ջրհեղեղ է լինելու: Հայաստանը դեպի հյուսիս ուղղված հայացքով չի ծնվել: Հայաստանն աշխարհի կենտրոնն է եղել, և հիմա պետք է խնդիր դրվի ամեն տարի Ռուսաստանից եղած կախումը թուլացնել ասենք 10 տոկոսով: Դրանք ոչ քաղաքագիտորեն, ոչ պատմականորեն, ոչ էլ աշխարհագրորեն մեզ պետք չեն: Անկախության մեծացման քաղաքականությունը բոլոր ուղղություններով պետք է շարունակվի: Օրինակ, կարելի է 1-2 տարում Երևանի բոլոր շենքերը ջերմամեկուսիչ սալիկներով պատել, որի արդյունքում ձմռանը ներսում տաք է լինում, ամռանը՝ հով: Դա թույլ կտա նվազեցնել գազի սպառումը և գազային տեռորի ազդեցությունը փոքրացնել: Երկրորդ, պետք է վերականգնել արդյունաբերությունը, զարգացնել արևային էներգետիկան: Աշխարհը Հայաստանից շատ բան կարող է ստանալ՝ քար, ծիրան և արև: Ծիրանը կերեք, արևի էներգիան օգտագործեք: Եթե մարդիկ ծույլ են, չեն հասկանում, օտարահպատակ են, ստրուկ են, ո՞վ է մեղավոր: Այո, Պուտինը գազային տեռոր է անում և ասում՝ գինը էսպես ենք որոշում: Դրա համար մենք ներսում մեր խնդիրները պետք է լուծենք, սերժառոբերտական բանդան պետք է ոչնչացվի: Երկիրը պետք է ներքին ազատություն ստանա, տնտեսական զարգացում և համագործակցություն բոլորի հետ, այդ թվում ռուսների: Ես չափազանց կարևորում եմ Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ արած արտահայտությունը, որ ոչ թե ասաց ռազմավարական դաշնակից, այլ ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի հետ: Իրենք դաշնակից ասում են էստեղ խաբելու համար, էստեղ իրենց ստրուկներին, ճորտերին ոտքի հանելու համար, որպեսզի Լավրովի որբերին մամուլով տաքացնեն: Այնպես որ, մեր ճանապարհը հստակ է: Իրենք կարող են Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ պետություն ստեղծել, պահել, մենք մեր փոքրիկ հողի վրա չենք կարողանում ոտքի վրա կանգնել: Իսկ ոտքի կանգնելու համար գողապետությունը պետք է ոչնչանա իր բոլոր պարագլուխներով, իր բոլոր թերմացքներով: Ռուսները հենց դրանց վրա են խաղում, այդ ստրուկ հատվածի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
20-05-2020 23:00