Սերիա Ա-ի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

21-05-2020 00:21

Իտալիայի ֆուտբոլի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իտալական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նախօրեին էլ պարզ էր, որ  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանը պետք է եզրափակվի մինչև օգոստոսի 20-ը: Մինչ օգոստոսի 20-ը պետք է ավարտին հասցվեն նաև Իտալիայի գավաթի խաղարկությունը, երկրորդ և երրորդ դիվիզիոնների մրցաշարերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:

Lragir.am,
21-05-2020 00:21