Պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում․ ոստիկանության արտակարգ ծառայությունը

21-05-2020 14:21

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը: Այս մասին նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում: Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որպեսզի հասարակական տրանսպորտում չլինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները դնեն դիմակ, ձեռնոց, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ: Հասարակական տրանսպորտում ուղևորները նույնպես պարտադիր պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով: Տաքսիներում վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը: Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն: Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ: Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը: Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում: Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ կանոնները խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն և կոչ է անում խստորեն պահպանեք անվտանգության կանոնները: «Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար: Հիշե՛ք, որ պահպանելով այս կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում», – նշված է հաղորդագրությունում:

Lragir.am,
21-05-2020 14:21