«Ես հոգեպես պատրաստ չեմ երկրորդ անգամ այդ ամենի միջով անցնելու»

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը Արդեն 18 օր է՝ մեկուսացված եք: Նախ՝ ինչպե՞ս է Ձեր ինքնազգացողությունը, ինչպե՞ս իմացաք, որ վարակվել եք և դիմեցիք բժշկի: Ամեն ինչ սկսվեց մայիսի 2-ից, երբ ես ունեցա ջերմություն: Ինձ մոտ ջերմություն չափելու ցանկություն առաջացավ, որովհետև ում հետ շփվել էի, իր մոտ արդեն ջերմության բարձրացում կար ու ինքն արդեն դիմել էր հիվանդանոց, սպասում էր թեստի պատասխանին: Այդ պահին, երբ չափեցի, ջերմությունս բարձր չէր՝ 37,2: Հաջորդ օրը, ում հետ որ շփվել էի, իր թեստը արդեն դրական էր, դրանից հետո իմ ջերմությունն սկսեց ավելի ու ավելի բարձրանալ, հասավ մինչև 38,5-ի: Բնականաբար, գլխի ընկա, որ հավանաբար ես էլ եմ վարակվել ու մայիսի 5-ին դիմել եմ շտապօգնության ծառայություն: Ինձ ասացին պատրաստվեմ, հիգիենիկ պարագաներ վերցնեմ, իրենք կմոտենան: Այդ օրը ինձ տարել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, թեստավորման նմուշառում են արել, իսկ հաջորդ օրը ստացվել է դրական պատասխանը: Այդ ընթացքում ջերմությունս եղել է 38-38,5: Հետո հիվանդանոցում ռենտգեն են արել, բարեբախտաբար, թոքաբորբ չեմ ունեցել, բայց թոքերում որոշակի փոփոխություն կար, դրա համար դեղեր նշանակեցին, որ թոքաբորբի չվերածվի: Հետո որոշում կայացվեց ինձ տեղափոխել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, որովհետև Երևանում պահում էին համեմատաբար բարդ դեպքերը, ավելի թեթև դեպքերը ուղղորդում էին մարզային հիվանդանոցներ: Գյումրիում դեղեր նշանակեցին, և ջերմությունը սկսեց իջնել: Այդ ընթացքում պարբերաբար ունեցել եմ մկանային ցավեր, ունեցել եմ սրտխառնոց: 5-6-րդ օրը ես ինձ համեմատաբար լավ էի զգում, ախտանշաններ որպես այդպիսին չկային: Մայիսի 9-ին ինձ տեղափոխեցին Ծաղկաձոր: Ծաղկաձորում ես արդեն հոտառությունս կորցրեցի, բայց համի զգացողությունը մինչև հիմա չեմ կորցրել: Ընդհանուր ինքնազգացողությունս շատ լավ է, չունեմ ջերմություն, չունեմ մկանային ցավեր: Դրա հետ մեկտեղ հասցրել եմ երկու հատ թեստ հանձնել, որոնց պատասխանը եկել է դրական: Հիմա 3-րդ թեստն եմ հանձնել ու սպասում եմ բաղձալի բացասական պատասխանին: Նշվում է, որ կորոնավիրուսը դեղորայքային բուժում չունի, բայց շատերը նշում են, որ իրենց դեղորայք են տալիս, բուժումներ են նշանակում: Ի՞նչ բուժման մասին է խոսքը: Դեղորայքային բուժում նշանակում են միայն այն դեպքում, երբ թոքերում նկատելի է փոփոխություն: Այսինքն՝ այս դեպքում ոչ թե բուժում են Կովիդ-19-ը, այլ բուժում են թոքերում առաջացած խնդիրն այն տարբերակով, որը մինչ այժմ բժշկությանը հայտնի է: Այսինքն՝ եթե թոքերում կա փոփոխություն, կա այտուց, կա թոքաբորբի նախանշան կամ արդեն արտահայտված թոքաբորբ, բուժում են այդ թոքաբորբը: Իսկ կոնկրետ կորոնավիրուսի համար առանձին դեղամիջոց որպես այդպիսին չկա: Նաև կարող են իմունիտետը բարձրացնող դեղեր տալ, որպեսզի դու քեզ ավելի առույգ և ուժեղ զգաս: Երբ իմացաք, որ Ձեր թեստը դրական է եկել, ի՞նչ զգացողություններ էին: Երբ բժիշկը հայտնեց, ինձ համար անակնկալ չէր պատասխանը, քանի որ ես շփվել էի արդեն հաստատված դեպքի հետ, ունեի համապատասխան գանգատներ, ես ենթադրում էի, որ անպայման դրական պետք է գա թեստը: Առաջին կես ժամը նորմալ տարա, դրանից հետո իմ մոտ զգացողությունները միանգամից շուռ եկան: Ես հիշում եմ, որ անդադար սկսեցի լացել սենյակում փակված: Ես մտածում էի ոչ թե իմ մասին, այլ այն մարդկանց մասին, ում հետ այդ ընթացքում հասցրել էի շփվել: Ինձ համար շատ ցավագին էր, որ ես կարող եմ որևէ մեկի վարակման կամ վարակի տարածման պատճառ դառնալ: Ավելի շատ մտածում էի այդ մարդկանց մասին՝ ինչ է լինելու իրենց հետ: Այդ պահին հավանաբար բուժքույրերից մեկը լսել էր լացի ձայնը, մտավ ներս, փորձեց հանգստացնել: Ասեմ, որ հիվանդանոցի հոգեբանները 24-ժամյա ռեժիմով աշխատում են և պատրաստ են ցանկացած մեկին օգնել: Անմիջապես հոգեբան եկավ, որը զրուցեց, բացատրեց իրավիճակը: Դրանից հետո համեմատաբար այդ զգայական պահն անցավ: Ես ֆիզիկապես շատ ծանր չեմ տարել, բայց հոգեբանորեն շատ ճնշված եմ եղել: Հարցեր ունեի, որոնց պատասխանը մինչև հիմա էլ չեմ կարողացել գտնել: Ի՞նչ հարցեր:  Շատ գլոբալ հարցեր են, օրինակ, ինչո՞ւ այս վիրուսը տարածվեց, ինչու ենք մենք վարակվում, երբ է անցնելու, մենք ում ենք հետո վարակելու: Ես վատ եմ զգում, որ մենք դիմացինի համար պոտենցիալ վտանգ ենք ներկայացնում, որ կյանքը փոխվել է: Եթե նախկինում ասենք գնում էիր հիվանդանոց վիրահատվում էիր, հասկանում էիր, թե ինչու ես 2 կամ 3 շաբաթ անցկացրել հիվանդանոցում, որովհետև ունես վերջնարդյունք, իսկ այստեղ չգիտես` ինչու ես հիվանդանոցում, չգիտես՝ ինչի դեմ ես բուժվում, չգիտես՝ հետո ապահովագրված ես լինելու երկրորդ անգամ վարակվելուց, թե ոչ: Այսինքն` կան հարցեր, որոնց պատասխանը որևէ մեկը չգիտի: Ես չգիտեմ, թե արդյոք ասենք 2-3 ամիս հետո նույն փորձությանը չեմ ենթարկվելու: Ես հոգեպես պատրաստ չեմ երկրորդ անգամ այդ ամենի միջով անցնելու: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հոգեբանական ճնշում առաջացնող պատճառներից մեկն էլ աշխարհում այս վիրուսի նկատմամբ վերաբերմունքն ու աղմուկն է: Ես օրինակ ունեմ աչքիս առաջ: Իմ հարազատ մարդկանցից մեկի տատիկը մահացել է օրեր առաջ: Իրենց ամբողջ ընտանիքը վարակված է՝ երկկողմանի թաքաբորբով: Այստեղ` հիվանդանոցում, շատ հուսահատ հայացքներ եմ տեսել: Տեսել եմ մարդկանց, որոնք համի զգացողության բացակայությունից, բարձր ջերմությունից տանջվում են, որոնք չեն կարողանում շնչել: Այնպես չի, որ այս հիվանդությունն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այո, որոշ դեպքերում, որոշ մարդկանց մոտ թեթև է անցնում, բայց շատ մարդկանց համար այն իրապես մեծ վտանգ է ներկայացնում, հատկապես քրոնիկական հիվանդություն ունեցողների, տարեցների համար: Իրականում շատ դժվար է հասկանալ, թե այս հիվանդության ֆենոմենը որտեղ է թաքնված: Դրա մեջ մի հրեշավոր բան կա: Երբ իմ մասին էլ տարբեր հոդվածներ գրվեցին, մեկնաբանություններում շատ վատ բաներ էին գրում, որ ինձ գումար են առաջարկել, որ ես ծախված եմ: Ես այդ մարդկանց ուզում եմ ասել, որ իսկապես սթափվեն, որովհետև այդ ասողներից որևէ մեկն ապահովագրված չէ այս վիրուսով վարակվելուց: Եթե մենք այսօր այդ տարրական կանոնները չպահպանենք, ես ուղղակի վախենում եմ հետևանքների մասին մտածել: Հատկանշական է, որ թեև այցելել էիք խորհրդարան, սակայն նույնիսկ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի համար վտանգ չեք ներկայացրել, թեև նույն սենյակում եք եղել: Իրականում այս ընթացքում ուրախությունս դա էր, որ որևէ մեկին չեմ վարակել: Ես վարակակրի հետ շփվել եմ ապրիլի 28-ին և 29-ին և դրան հաջորդող օրը՝ ապրիլի 30-ին, գնացել եմ աշխատանքի: Բնականաբար, ես շատ կարճ  ժամանակով Պետաիրավական հանձնաժողովի նիստերի սենյակ եմ մուտք գործել, շփվել եմ տիկին Բաղդասարյանի հետ: Մենք դիմակով ենք եղել, բացի այդ, մենք մեր սենյակում ամեն մեկս ունեցել ենք մեր անձնական ալկոգելն ու սպիրտը: Ձեռքերը, հեռախոսը, սեղանը ախտահանելը մեր պարտադիր աշխատանքային օրվա մի մասն են կազմել: Կարծում եմ՝  հենց դա է եղել պատճառը, որ որևէ մեկին չեմ վարակել: Կորոնավիրուսից հետո Ձեզ համար կյանքը փոխվե՞լ է: Այս ընթացքում, բնականաբար, շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, շատ բաներ ծանր ու թեթև անելու, շատ հարաբերություններ վերանայելու: Ես հիմա կսկսեմ կյանքն ավելի սիրել, շատ ավելի գնահատել, շատ ավելի արժևորել շատ փոքր բաներ, որոնց մենք շատ հաճախ ուշադրություն չենք դարձնում: Ամենաշատը կարոտել եմ քայլելուն: Երբ դուրս գամ այստեղից, շատ-շատ քայլելու եմ, որովհետև թվում է, թե դա սովորական գործողություն է, որը մենք ամեն օր անում ենք և ուշադրություն էլ չենք դարձնում, որ այո, մենք կարող ենք քայլել: Դա այնքան պարզ է հնչում, բայց հիմա ես այդ պարզ գործողությանն իրապես կարոտել եմ: Այս ընթացքում ես ինձ մենակ չեմ զգացել, որովհետև նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տվել, որ ես անընհատ կապի մեջ լինեմ մտերիմների, ընկերների, հարազատների հետ: Նրանց ամենօրյա խոսքը, ոգևորիչ արտահայտություններն ինձ իսկապես ուժ են տվել: Եթե առաջ քեզ պետք էին մեծ հաջողություններ ուրախանալու համար, հիմա պետք են շատ փոքրիկ քայլեր, շատ մանրուքներ, պետք է փորձես դրանցով ապրել և ուրախանալ: Բժիշկների ուշադրությունն ու նվիրումն անգնահատելի է: Իսկապես անձնվեր աշխատանք են անում, ու դա չգնահատել հնարավոր չի: Հիմա նույնիսկ շնորհակալություն ասելն է քիչ ամբողջ բուժանձնակազմին, որովհետև այդ մարդիկ տիտանական աշխատանք են անում: Այն ուշադրությունը, հոգատարությունը, որ իրենք ամեն օր անընդհատ ցուցաբերում են, անպատկերացնելի է: Մենք էլ մի քիչ մուննաթ եկող ազգ ենք, և իրենք այդ մթնոլորտում 24 ժամ լարված, առանց քնելու աշխատում են, ես ուղղակի խոնարհվում եմ իրենց աշխատանքի առաջ: Ես ինձ շատ պաշտպանված եմ զգում իրենց կողքին: Եվ սնունդը, և պայմանները լավն են, իսկապես շնորհակալ եմ մեր պետությանը, որ այս կարգի հոգ են տանում մեր մասին: Ես գիտեմ, որ ուրիշ երկրներում պայմանները շատ ավելի վատ են, էլ չեմ ասում սնունդ, հիգիենայի պարագաներ տրամադրելու մասին: Իսկ այստեղ մեզ ամեն ինչ են տրամադրում, մենք դրսից որևէ բան ուզելու կարիք չունենք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
21-05-2020 18:03