Անցկացվել է լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը

21-05-2020 18:47

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը: Զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Անձնակազմը բացազատել է կրակային միջոցները, բերել մարտական դիրքի և վիճակի: Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը: Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով: Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ: Զորավարժության նախնական արդյունքները դրական են: Զինծառայողները գործել են ներդաշնակ և օպերատիվ, գերազանց կատարել առաջադրված մարտական խնդիրները: Զորավարժության նպատակն էր ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունների ստուգումը, զինծառայողների գործնական հմտությունների և դաշտային վարժվածության կատարելագործումը:

Lragir.am,
21-05-2020 18:47