Լայնածավալ զորավարժությանը ներգրավվել են հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համակարգեր

21-05-2020 19:45

ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում մայիսի 21-ին անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Անձնակազմը բացազատել է կրակային միջոցները, բերել մարտական դիրքի և վիճակի: Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը: Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով: Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ: Զորավարժության նախնական արդյունքները դրական են: Զինծառայողները գործել են ներդաշնակ և օպերատիվ, գերազանց կատարել առաջադրված մարտական խնդիրները: Զորավարժության նպատակն էր ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունների ստուգումը, զինծառայողների գործնական հմտությունների և դաշտային վարժվածության կատարելագործումը:

Lragir.am,
21-05-2020 19:45