Այս ճանապարհը չի երաշխավորում, որ կմաքրվի դատական համակարգը

Lragir.am-ի հարցերին պատասխանել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Պարոն Հոկտանյան, հայտնի դարձավ, որ դատական համակարգում վեթինգ չի իրականացվելու, իշխանություններն ասում են, որ փորձում են ավելի անցնցում միջոցառումներ իրականացնել: Ի՞նչ սպասել այս գործընթացից: Եթե «փափուկ» վեթինգ է լինելու, այսինքն՝ ինչպես ասվեց, խորովածը լավ է եփվելու, վառված չի լինելու, բանականաբար ռիսկ կա, որ համակարգի բոլոր խնդիրները մնալու են: Նաև շատ կարևոր հարց կա այստեղ՝ իրենք ասում են՝ նոր դատավորները կգան ու այդ տարբերակով կմաքրվի դատական համակարգը: Հիմա վտանգն այն է, որ կարող է հակառակը լինել՝ հին դատավորները նորերին կարող են «փչացնել»: Դա շատ հնարավոր տարբերակ է: Այստեղ կարևոր հարց կա՝ ինչպիսի՞ն կլինի «վերևների» քաղաքական կամքը: Ես նախկինում շատ եմ ասել՝ նախորդ համակարգի պայմաններում գործել է «դու ինձ, ես քեզ» սկզբունքը: Այսինքն՝ նախորդ ռեժիմների օրոք գործել է հետևյալը՝ «մենք աչք ենք փակում ձեր կոռուպցիայի վրա, որ դուք կաշառք եք վերցնում ու անարդար վճիռներ կայացնում, դուք էլ ի պատասխան դրա կայացնում եք քաղաքական այնպիսի դատավճիռներ, որ մեզ ձեռնտու լինեն»: Ցանկացած ավտորիտար ռեժիմ այդ սկզբունքով է առաջնորդվում: Ես չեմ կարծում, որ նորերը անպայման այդ սկզբունքը կկիրառեն, բայց չեմ էլ բացառում: Շատ մեծ վտանգ կա, որ դա տեղի կունենա, այսինքն՝ կկայացվեն իշխանությունների համար հաճելի քաղաքական դատավճիռներ, և այդ ծառայությունը մատուցելու վարձը կլինի աչք փակելը նրանց կոռուպցիայի վրա: Դա կլինի, թե չի լինի, հիմնական փորձաքարը սա է լինելու: Եթե այս իշխանությունները նույնպես քաղաքական պրոցեսներ նախաձեռնեն, ինչը արդեն երևում է, որ կա, և եթե սկսեն դատավորներին թելադրել, դա հնարավոր է: Դժբախտաբար, մեզ մոտ միշտ գործադիրը փորձել է իշխել դատական համակարգի վրա և սահմանափակել  անկախությունը: Եթե այդ պրակտիկան շարունակվի, չեմ կարծում, որ դատավորները բարձրագույն իշխանության սիրուն աչքերի համար այդպիսի դատավճիռներ կարձակեն: Եվ այդ մեթոդով նաև կոմպրոմատներ էլ կհավաքեն, եթե հանկարծ փորձեն նրանց հետ կապված կոռուպցիոն պատմություններ բացահայտել, նրանք էլ կբացահայտեն այդ ամենը: Նախորդ տարիներին կային մեխանիզմներ, երբ մեկ-մեկ հանրության աչքին թոզ փչելու համար մի քանի դատավոր բռնում էին: Դա նաև միգուցե արվում էր այն բանի համար, որ այդ դատավորները չէին արել ինչ-որ բան, որն իրենք ուզում էին: Արդյոք նորերն այդ ճանապարհով կգնան, հայտնի չէ: Բայց եթե դա տեղի չունենա, և իրականացվի շատ խիստ վերահսկողություն լրատվամիջոցների, կուսակցությունների, քաղհասարակության կողմից, այդ դեպքում փափուկ վեթինգն էլ կարող է ժամանակի ընթացքում, ինչպես վարչապետն է ասում, արդյունք տալ: Ինձ համար քաղաքական փորձաքարը սա է՝ քաղաքական ու թելադրված դատավաճիռներ լինելո՞ւ են, թե ոչ, և եթե թելադրվելու են, ուրեմն սպասենք նաև կոռուպցիայի: Այդ դեպքում ոչ մի վեթինգ էլ չի աշխատի: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեցին հետ կանգնել վեթինգ իրականացնելու գաղափարից, իշխանությունները որպես հիմնական փաստարկ են բերում այն, որ անհրաժեշտ կադրերի ռեզերվ չկա՝ գործող դատավորներին փախարինելու համար: Ես ենթադրում էի, որ ռեզերվ չկա: Եթե դա իսկապես խնդիր էր, ուրեմն դեռ 2018 թվականի մայիսից այդ մասին պետք է անկեղծ ասեին: Ես որքան գիտեմ՝ Ալբանիայում էլ նույն խնդիրը եղավ: Երբ ասում են՝ ռեզերվ չկա, ես հասկանում եմ, որ չկա «մաքուր» թեկնածուների ռեզերվ: Հավանաբար դա շատ տրամաբանական բացատրություն է, թե ինչու է այսպես արվում: Ուղղակի այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ եք դուք բարձրագոչ հայտարարություններ անում: Եթե իսկապես ռեզերվ չկար, այդ դեպքում ինչո՞ւ էին խոստումներ տալիս, նախապես պետք էր ասել՝ այս իրավիճակն է, չունենք ռեզերվ, դրա համնար ստիպված ենք այս ճանապարհով գնալ՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ: Իսկ այս ճանապարհը, ինչպես ասացի, չի երաշխավորում, որ կմաքրվի դատական համակարգը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
21-05-2020 19:44