ՃՇՀԱՀ-ն առաջինն է հանրապետական բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք

21-05-2020 20:02

Կարևորելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների առողջությունը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետական բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք: Այս մասին հայտնում է ՃՇՀԱՀ մամուլի ծառայությունից: «Ախտահանման կամարը»՝ շնորհիվ էթիլ սպիրտի, ջրածնի պերօքսիդի, գլիցիրինի և թորած ջրի համալիր ախտահանիչ բաղադրության և հեղուկի եռաչափ արտանետման, լիովին կանխարգելում է նոր կորոնավիրուսի բացիլների տարածումը և ապահովում սարքի միջով անցնող մարդու անվտանգ մուտքը համալսարան: Առաջիկայում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների ժամանակաշրջանն է, և ավարտական ատեստավորման հանձնաժողովների մուտքը համալսարան անխուսափելի է, հետևաբար նման ախտահանիչ սարքի առկայությունը, պարզապես, անհրաժեշտություն էր: Համալսարանում իրականացվում են նաև անվտանգության բոլոր միջոցառումները` այցելուներին նախասրահում համալսարանի բուժաշխատողները գրանցում են, ջերմաչափում և ստուգում դիմակների ու ձեռնոցների առկայությունը, բացակայության դեպքում՝ տրամադրում:

Lragir.am,
21-05-2020 20:02