Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից

21-05-2020 20:21

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից: Ֆուտբոլիստը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տված հարցազրույցում: «Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ  կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում: Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր: Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով: Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված»,-ասել է Ադամյանը: Հայ կիսապաշտպանի խոսքով` անցնող մրցաշրջանն իր համար դրական էր, քանի որ բազմաթիվ հանդիպումների է մասնակցել, գոլերի հեղինակ է դարձել թոփ ակումբների դեմ խաղում: «Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա Լիգայում: Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք Եվրոպա Լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը»,-ասել է նա:

Lragir.am,
21-05-2020 20:21