Երեւանը հրաժարվում է հանրաքվեից. ինչ հանգուցալուծում է սպասվում Մոսկվայում

Քաղաքական մեծամասնությունը ՍԴ դատարանակազմի հարցում փաստորեն հրաժարվում է հանրաքվեի մեխանիզմից, դատելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունից: Նա ներկայացրել է հարցի լուծման քննարկվող նոր մեխանիզմ, որով նախատեսվում է, որ 12 տարի պաշտոնավարումը լրացած դատավորները չեն մնա մինչեւ թոշակ՝ ինչպես նախատեսված էր ներկայիս կարգավորումով, այլ կթողնեն պաշտոնը, եւ նրանց փոխարեն կլինեն նոր դատավորներ, որոնք էլ կընտրեն դատարանի նոր նախագահ: Այդպիսով, ընտրվել է առավել տեւական գործընթաց ենթադրող մոդել: Ինչու՞ է քաղաքական մեծամասնությունը հրաժարվել հանրաքվեի մեխանիզմից: Պատճառն ա՞յն է, ինչ ազդարարում են ընդդիմախոսները՝ թե իշխանությունը վախենում է, որ նոր իրավիճակում չի ստանա անհրաժեշտ 650 հազարին մոտ ձայնը, թե՞ այն, որ համավարակի հաստատած ռեժիմի առնչությամբ կանխատեսումները լավ չեն, եւ դիտարկվող ավելի երկար գործընթացը իրականում կարող է ավելի կարճ տեւել, քան համավարակն ու արտակարգ դրությունը: Թե՞ կան այլ պատճառներ՝ ավելի երկարատեւ խաղի համար: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով: Մինչ այդ, Վենետիկի հետ խորհրդակցելու եւ քննարկելու հորդոր էր հղել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի օգնականը: Հատկանշական է, որ մինչ այդ, երբ ապրիլի 5-ին սկսվել էր հանրաքվեի գործընթացը, հրապարակավ չէին հնչել հորդորներ Վենետիկին դիմելու մասին, եւ Վենետիկն էլ կարծես թե սկզբունքորեն չէր ընդդիմացել հանրաքվեին, թեեւ իհարկե կոչ էր արել խնդիրը լուծել սահմանադրական ճանապարհով: Իրավիճա՞կ է փոխվել: Որտեղ՝ Հայաստանու՞մ, թե՞ աշխարհում: Թե՞ իրավիճակ է փոխվել Ռուսաստանում, որտեղ կորոնավիրուսը սրել է իշխանության խնդիրը եւ նոր իրողությունների առաջ դրել Պուտինին, որը ստիպված էր հետաձգել իր հանրաքվեն: Ներկայում Ռուսաստանում խոսվում է, որ Պուտինը հանրաքվեին կարող է վերադառնալ հունիսին: Ստացվում է որոշակի հետաքրքիր պատկեր՝ ՌԴ իշխանությունը շտապում է, Հայաստանի իշխանությունը հակառակը՝ չի շտապում: Արդյոք Երեւանը որոշել է սպասել Ռուսաստանում ինչ որ հանգուցալուծման: Հատկանշական է, որ Հայաստանում հանրաքվեի անսպասելի եւ ակնթարթային որոշումն էլ կայացվեց Ռուսաստանում եւ դրա շուրջ եղած զարգացումների ֆոնին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22-05-2020 08:59