Պոմպեոն նշել է «Բաց երկնքի պայմանագրին» վերադառնալու պայմանները

22-05-2020 11:00

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է արել «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ինչի մասին նախօրեին Վաշինգտոնը պաշտոնապես տեղեկացրել էր համաձայնագրի մյուս մասնակիցներին: «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ, ենթադրաբար, ԱՄՆ­-ը պայմանագրից դուրս կգա կես տարուց: «Ամեն դեպքում մենք կարող ենք վերանայել մեր որոշումը, եթե Ռուսաստանը վերադառնա պայմանագրի ամբողջական կատարմանը», նշել է Պոմպեոն: Մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքը՝ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն պետք է այսօրվա իրականության տեսանկյունից սթափ հայացքով գնահատի բոլոր համաձայնագրերը և հասկանա՝ արդյոք այդ պայմանագրերը մինչ օրս համընկնում են ԱՄՆ-ի շահերին: «Մեր գործընկերների արձագանքը մանրամասն դիտարկելով՝ պարզ դարձավ, որ պայմանագրի կողմ մնալը այլևս մեր շահերից չի բխում», ասել է Պոմպեոն: «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն: Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով: ԱՄՆ-ն և Ռուսաստանը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար:

Lragir.am,
22-05-2020 11:00