ՍԴ խնդրի լուծման այս տարբերակն ինչ-որ տեղ փոխզիջում է

Մեր զրուցակիցն է փաստաբան Կարապետ Բադալյանը  Իշխանությունն արդեն հստակեցրել է, թե ինչպես է պատկերացնում ՍԴ-ի խնդրի լուծումը. Առաջարկվում է ՍԴ նոր նախագահ ընտրել, 12 տարի և ավելի պաշտոնավարած ՍԴ անդամներին հեռացնել և ճգնաժամը լուծել Ազգային ժողովի միջոցով: Մյուս կողմից, տեսակետ է հնչում, թե ի՞նչ երաշխիք, որ ՍԴ դատավորները նույն Հրայր Թովմասյանին նորից նախագահ չեն ընտրի: Սկսեմ վերջից, ոչ մի երաշխիք չկա, որովհետև ընտրվելու պահից դատավորներն անկախ են և կարող են առաջարկել ցանկացած մարդու և ընտրել ցանկացած թեկնածուի: Դա մնում է իրենց հայեցողությանը: Այստեղ մի ուրիշ կարևոր հանգամանք կա, որ դատական իշխանությունն իրականացնում են դատավորները և դատարանի նախագահն, ըստ էության, վարչական ֆունկցիա է: Չպետք է դատարանի նախագահի պաշտոնն այնքան կարևորվի, որ մարդիկ ուզենան դառնալ դատարանի նախագահ, որովհետև ամենամեծ գործն անում է դատավորը: Դրան զուգահեռ կարող էին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում այնպիսի փոփոխություն անեին, որ ՍԴ նախագահի դերին իրական արժեք տային, այլ ոչ թե չափազանցված, ինչպես հիմա է: Քանի որ դատարանի նախագահը վարչական ֆունկցիաներ է կատարում, հետևաբար ավելի քիչ է դատական գործերով զբաղվում, հետևաբար նրա վարձատրությունն էլ պետք է պակաս լինի, կարևորություն էլ պակաս լինի: Ինքը ավելի կարևոր չպետք է լինի, քան դատարանի դատավորները: Սա խնդրի լուծման ամենառեալ և ճիշտ տարբերա՞կն է ըստ ձեզ: Ենթադրենք հանրաքվե է տեղի ունեցել և ժողովուրդը քվեարկել է ու ասել է՝ չէ, ես ուզում եմ, որ չփոխվի Սահմանադրության այդ կետը: Այսինքն եթե գնում էինք հանրաքվեի, պարզ չէր, չէ՞, թե ինչ է լինելու արդյունքը: Այսինքն պարզ չէր, ժողովուրդը կասի այո՞, և կփոխվի ՍԴ կազմը, թե՞ կասի ոչ, և կմնա նույն կազմը: Սա միջանկյալ լուծում է: Այնքան էլ իմ սրտով չի, բայց կարծես թե լուծում է: Ամենակարևորը, որ այն ինչ-որ պահից լուծում ունենալու է, որովհետև այդ պրոբլեմը չի կարող այնքան ռեսուրս ծախսել, որքան հիմա այդ ռեսուրսը պահանջվում է: Մեկ տարուց ավելի քննարկվում է ու չի լուծվում: Այն առումով, որ հիմա լուծում կունենանք, առաջարկը դրական է: Մինչ այս եղած տարբերակները չբերեցին լուծման, հնարավո՞ր է, որ այս տարբերակն էլ ձախողվի: Ձախողումն էլ է լուծում: Տեսեք, այսքան ժամանակ հարցը քննարկվում է, բոլորը գիտեն բանն ինչումն է: Հիմա հարցը պետք է լուծում ստանա: Այս տարբերակը, որ առաջարկվում է, բավականին նորմալ լուծում է: Այս պահին քննարկվում է, մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ տեքստ կբերվի ԱԺ քննարկման և ինչ որոշում կկայացվի: Բայց, ամեն դեպքում, սա հիմնական լուծմանն ամենամոտ տարբերակն է: Սա ինչ-որ տեղ փոխզիջում է: Դժվար է ասել, թե որքանով է ընդունելի հեղափոխությունից հետո փոխզիջումների գնալ այն ուժերի հետ, որոնց պատճառով հեղափոխություն է եղել: Բայց դե ունենք լեգիտիմ իշխանություն, իրենք այդ տարբերակն են առաջարկում: Ես անձամբ պատրաստ եմ ընդունել այդ տարբերակը: Ամեն դեպքում, երաշխիք չկա, որ Հրայր Թովմասյանը նորից չի ընտրվի ՍԴ նախագահ՝ հաշվի առնելով, որ անդամների մեծ մասը անթաքույց պաշտպանել ու աջակցել է նրան: Դե, հիմա եթե լեգիտիմ իշխանությունն այդ տարբերակն է առաջարկում որպես լուծում և մենք դա չենք ընդունում, հաջորդ ընտրություններում կկողմնորոշվենք: Այս տարբերակով խնդիրը լուծվում է, որովհետև այսպես թե այնպես, համարվում է, որ խնդիրը գոյություն չունի: Փաստացի խնդիրը կա, բայց ֆորմալ լուծումն ստանում է, և դրանից հետո իշխանությունն այդ հարցի քննարկում չի անելու: Եթե հաջորդ ընտրություններում կգա նոր իշխանություն, կփորձի ուրիշ լուծում գտնել, այդ ժամանակ գուցե նորից քննարկեն: Իսկ հնարավոր չէ՞ր ԱԺ-ի միջոցով իրականացնել այն նույն փոփոխությունը, որով պետք է տեղի ունենար հանրաքվեն: Անհնար չէր, ես չգիտեմ՝ այնտեղ ինչ քննարկումներ են ընթանում, ինչ պրոցեսներ են տեղի ունենում, բայց մենք տեսանք, որ նաև վեթինգի հետ կապված բավականին մետամորֆոզներ եղան, և հիմա ունենք այն, ինչ ունենք: Սկզբնական տարբերակով այն, ինչ քննարկվում էր, բոլորովին այլ էր, հիմա ունենք բոլորովին այլ ֆորմատի վեթինգի ինչ-որ պրոցես: Ոմանք նաև ասում են, որ դա վեթինգ չի: Հիմա նույն փոխակերպումները Սահմանադրական դատարանի ճգնաժամի շուրջ ենք տեսնում: Հիմա այս լուծումն է առաջարկվում, և եթե ժողովուրդը կհամակերպվի նման լուծման հետ, վստահ եղեք, որ ինչ-որ ժամանակ հետո նորից փոփոխություններ կլինեն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
22-05-2020 13:21