Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ

22-05-2020 13:46

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի հանրապետության նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական և մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ: Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը: Իր խոսքում վարչապետի տիկինը նշել է, որ ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակն է  միավորել բոլոր կանանց, որպեսզի նրանք պահանջեն քաղաքական որոշում կայնողներից, որոնք հիմնականում տղամարդիկ են, տարբեր երկրների միջև գոյություն ունեցող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: ‹‹Մենք որպես կին, մայր, քույր բոլոր իրավունքներն ունենք մեր ամուսիններից պահանջելու խնայել մեր որդիների, եղբայրների, ամուսինների կյանքերը և ուժի մրցավազքը մարտի դաշտից տեղափոխել մտքի, ուղեղի դաշտ: Անհնարին ոչինչ չկա, և ընդամենը քաղաքական կամք է հարկավոր պատերազմներից հրաժարվելու և բոլոր հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բանակցությունների սեղանն ավելի պակաս պայքարի դաշտ չէ, ընդ որում այնտեղ բոլորը կարող են լինել հաղթող, ուղղակի ի տարբերություն պատերազմի, այդ ընթացքում կօգտագործվի մարդկային միտքը և ոչ թե տարբեր մարդկանց, հազարավոր մարդկանց կյանքերը: Բանակցություններում յուրաքանչյուրը կարող է տանել իր հաղթանակը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ շատերը փորձում են արշավը մեկնաբանել որպես թուլության դրսեւորում, որը թյուր տեսակետ է: ‹‹Համոզված եմ և վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել  իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու: Բայց դա  ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Այս համատեքստում կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարևոր մասը կծախսենք ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի վրա, և որպես վերը նշված խոսքերի ապացույց պատրաստվում ենք նաեւ մարտական պատրաստության դասընթացներ անցնել: Մենք որպես կին և մայր պետք է ջանք չխնայենք մեր երկրներին և տարածաշրջանին տևական խաղաղություն բերելու համար: Հենց դրան է նվիրված ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կին միանա խաղաղության այս արշավին այնքան այն ավելի զորեղ կդառնա: ‹‹Այս արշավը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն, բոլորը կարող ենք միանալ խաղաղության այս կոչին: Մենք հավատում ենք, որ Մայրական տիեզերական սիրո առաջ անզոր են աշխարհի բոլոր զենքերը››,- եզրափակել է Աննա Հակոբյանը: Հանդիպմանը Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանայք շեշտել են, որ նախաձեռնությունը ողջունում են և պատրաստ են աջակցել: Հայ օգնության միության ներկայացուցիչ Արմինե Հարությունյանը բարձր գնահատելով նախաձեռնությունը շեշտել է, որ հատկապես Արցախում բնակվող կանայք շատ լավ գիտեն խաղաղության գինը: ‹‹Բոլորս էլ ունեցել ենք թանկ կորուստներ: Մենք մեզ վրա զգում ենք այդ ցավը և շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում խաղաղություն››: Սուսաննա Հայրապետյանն էլ հավելել է, որ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը Արցախում ողջունելի է և արցախցի կանայք պատրաստակամ են օգտակար լինել: Հանդիպմանը տեղի է ունեցել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› կայքի շնորհանդեսը: https://wfp.annahakobyan.am կայքում ներկայացված են արշավի գործունեությունը, արժեքներն ու նպատակները: Կայքի ‹‹Ես աջակցում եմ›› բաժնում ինչպես անհատները այնպես էլ կազմակերպությունները կարող են գրանցվել և դառնալ արշավի համակիր:

Lragir.am,
22-05-2020 13:46