Ստեղծվել է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդ

22-05-2020 13:53

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) կողմից հիմնադրված «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կօգնի մեղմել COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսության վրա:  Ինչպես հայտնեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից, ՀՀ կառավարությունը մինչև 50 մլրդ ՀՀ դրամ (մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար) կտեղաբաշխի ֆոնդում: 2020թ․ մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվել է ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի գրանցումը: Նորաստեղծ Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, որն այլ պարագայում չէր ներդրվի COVID-19-ի արդյունքում ստեղծված անորոշության պայմաններում: Ինչպես նշվում է Կառավարության տնտեսական ծրագրում, Ֆոնդը կհամաֆինանսավորի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների ծրագրեր՝ ներդնելով 1-2 միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ յուրաքանչյուր ծրագրում: Ծրագիրը նախատեսված է բացառապես Հայաստանում իրականացվող ներդրումների համար և պահանջում է, որ պետության կողմից յուրաքանչյուր ներդրումի դիմաց մասնավոր գործընկերոջ և առևտրային բանկի կողմից ներդրվի գումարի եռապատիկը: «Քանի որ ամբողջ աշխարհի կառավարությունները եկել են այն եզրահանգման, որ  COVID-19-ի ազդեցությունը դեռ երկար ժամանակ է լինելու մեզ հետ, ՀՀ կառավարությունը ստեղծեց այս Ֆոնդը, նպատակ ունենալով մեղմել այն ռիսկերը, որոնց բախվում են գործարարները: Բիզնես համայնքին ուղղված կոչը հստակ է՝ ՀՀ Կառավարությունը Ձեր կողքին է և պատրաստակամ կիսելու ռիսկի բեռը»,- նշեց ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Lragir.am,
22-05-2020 13:53