Հայաստանի ֆերմերային տնտեսությունները սկսել են ապահովել թռչնի մսի ներքին սպառման ավելի մեծ հատվածը

22-05-2020 13:50

Հայաստանի ֆերմերային տնտեսությունները ապահովում են ընտանի թռչնի մսի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, դա դինամիկ կերպով աճում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նկատեց՝ մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարաձգվում է, հետաքրքրվեց մինչև այժմ տրված  5 տարի արտոնյալ ժամկետում ստեղծվե՞լ են, արդյոք, տեղական արտադրություններ, որոնք կապահովեն ներքին սպառումը: «2015 թվականին ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը  կազմում էր 10 տոկոս: 2019-ի թվականին կազմել է 22 տոկոս և հունվարի 1-ից դառնում է 25 տոկոս: 2022 թվականից այն դառնալու է 80 տոկոս: Սակայն մենք ունենք ֆերմերային տնտեսություններ, որոնք այս պահի դրությամբ ապահովում են Հայաստանի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, և արտադրությունը դինամիկ կերպով աճում է. անցյալ տարվա նկատմամբ մոտ 11 տոկոս աճ ենք ունեցել»,-ասաց Սիմոնյանը: Հայաստանը բրձնի արտադրւթյուն չունի, բայց ներմուծում է: Հայաստանը Վիետնամի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր: «Եվ ունենք երկարահատիկ բրնձի քվոտա: Այսինքն՝ տարեկան կտրվածքով շատ նվազեցված մաքսատուրքով ենք ներմուծում»,-ասաց փոխնախարարը: 2022 թվականից թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը մոտ 80 տոկոս է դառնալու: «Բայց կա քվոտային համակարգ, ՀՀ-ն կշարունակի վերցնել քվոտա, որ ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ներմուծվող ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը լինի 25 տոկոս, ինչը թույլ կտա տեղական արտադրությանը զարգանալ, և չեն լինի որևէ կարգի տատանումներ շուկայում»,-ասաց Սիմոնյանը: Փոխնախարարը նաև շեշտեց, որ ԵԱՏՄ-ն ինքնաբավ միություն է համարվում, քանի որ մի երկիրը մյուսին կարող է ապահովել ապրանքներով:  Օրինակ՝ թռնչի միսը կարող է ներմուծվել Ռուսաստանից կամ Բելառուսից:

Lragir.am,
22-05-2020 13:50