Զոհրաբ Մնացականյանը Մասիս Մայիլյանին ներկայացրել է ՄԽ համանախագահների հետ տեսակոնֆերանսի արդյունքները

22-05-2020 14:08

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մայիսի 22-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ և  գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը: Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները: Նախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության հեռանկարների շուրջ՝ պայքարելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ:

Lragir.am,
22-05-2020 14:08