Գագիկ Ծառուկյանին պետք չէ վախենալ, ու նա այլեւս մենակ չի մնա

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, որը նաեւ խորհրդարանում Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահն է, հանձնաժողովի նիստում անդրադարձել է Լրագրի մեկնաբանությանը: Միքայել Մելքումյանը, շեղվելով նիստից եւ անդրադառնալով մեկնաբանությանը, եզրակացրել կամ գնահատել է, թե դրանում խոսք կա ԲՀԿ վեկտորի շեղվելու մասին: «ԲՀԿ-ն հայ-ռուսական հարաբերությունը համարել է քաղաքական օրակարգի կարեւորագույն դրույթներից մեկը», հայտարարել է պատգամավոր Մելքումյանը, ասելով, թե ոչ մի վեկտոր էլ չեն շեղում, եւ «էժանագին վերլուծությունները» տեղին չեն: Թե ինչպես է Միքայել Մելքումյանը որոշում վերլուծությունների, կամ ընդհանրապես որեւէ ապրանքի կամ ծառայության գին, հանրությունը առիթ ունեցավ տեսնելու տարիներ առաջ հրապարակված մի տեսանյութով, որտեղ պատգամավոր Մելքումյանը հեռախոսով քննարկում էր իրեն պատկանող շենքում վարձակալության տարածքի հետ կապված հարցեր: Բայց, խնդիրը գազի գինն է, եւ դրա առիթով Միքայել Մելքումյանի արտահայտած իսկապես կարեւոր կարծիքը, որ Հայաստանը չպետք է նժարին դնի իր ինքնիշխանությունն ու պետական շահը: Լրագրի մեկնաբանությունը, որին անդրադարձել է պատգամավորը, դրա եւ ոչ թե ԲՀԿ քաղաքական վեկտորի մասին էր: Պատգամավորին թերեւս հարկ է նկատել, որ ինքնիշխանությունը քաղաքական վեկտոր չէ: Ինքնիշխանությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ զբաղվող ցանկացած քաղաքական ուժի հավատամքը, որովհետեւ հակառակը ոտնձգություն է ազգային անվտանգության հանդեպ: Քաղաքական որեւէ ուժ կարող է լինել եվրաինտեգրացիայի, եվրասիական ինտեգրացիայի, այս կամ այն գաղափարախոսության կրող, բայց այդ ամեն ինչի հիմքում պետք է լինի մի անբեկանելի արժեք՝ ինքնիշխանությունը, որպես քաղաքական հավատամք: Մեկնաբանության մեջ խոսքն այդ մասին էր, ու Միքայել Մելքումյանն էլ իր հարցազրույցում խոսել էր հենց այդ մասին: Թե ինչու է նա վախեցել իր իսկ խոսքից, դժվար է ասել: Բայց չխախտենք քաղաքական հավատամքի կանխավարկածը: Առավել եւս, որ այդ հավատամքի կանխավարկածը ԲՀԿ-ն կամա թե ակամա խախտել էր տարիներ առաջ, քաղաքական իրավիճակը եւ հեռանկարը գնահատելով անհամարժեք, վերածվելով Հայաստանի ինքնիխանության հաշվին եվրասիա-ռուսական ազդեցության տարածման թիկունքային ապահովման գործիքի: Իսկ երբ այդ դերը կատարելուց հետո ԲՀԿ-ն արժանացավ Սերժ Սարգսյանի կոշտ հարվածին, ԲՀԿ թիկունքին չկար ոչ ոք, կամ ավելի շուտ՝ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի թիկունքին չկար ոչ ոք: Եվ խոսքն այդ մասին է, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական ուժը թերեւս քաղել են անհրաժեշտ քաղաքական դասը եւ այժմ ակնարկում են, որ չեն պատրաստվում լինել Հայաստանի ինքնիշխանության հաշվին իրացվելիք քաղաքական որեւէ նպատակի մասնակից կամ առավել եւս հենարաններից մեկը: Ու դա կարող է լինել այն ճայապարհը, որ հնարավորություն կտա ԲՀԿ-ին լրջորեն հավակնել քաղաքական նոր հեռանկարների, «հավերժ բուֆերի» փոխարեն: Հայ-ռուսական հարաբերության հետ դա որեւէ կապ չունի, որովհետեւ Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակապես չի ենթադրում հայ-ռուսական հարաբերության մերժում: Հակառակը, հենց Հայաստանի ինքնիշխանությունն է, որ առողջացնելու է հայ-ռուսական հարաբերությունը, այն բերելով իրապես գործընկերային, իսկ մի շարք էական հարցերում՝ ընդհուպ դաշնակցային գործակցության դաշտ: Ավելին, Հայաստանի ինքնիշխանության հանդեպ գրոհները կազմակերպվել են նաեւ տեղեկատվական այն նենգափոխումներով, թե Հայաստանի ինքնիշխանությունը նշանակում է հակառուսականություն: Այլ հարց է, որ Ռուսաստանում եւ Հայաստանում կան մարդիկ եւ խմբեր, որոնք հայ-ռուսական հարաբերությունը պատկերացնում են ոչ թե միջպետական, այլ վասալային տրամաբանությամբ, եւ ըստ այդմ ինքնիշխանության հայկական հավատամքը դիտարկում են հարված այդ վասալային տրամաբանությանը, շատերի դեպքում՝ գուցե նաեւ շահութաբերությանը: Բայց դա արդեն որեւէ կապ չունի իրական հայ-ռուսական հարաբերության եւ աշխատանքի հետ, ինչպես ինքնիշխանությունը կապ չունի որեւէ քաղաքական վեկտորի հետ, համենայն դեպս այն ուժերի պարագայում, որոնք իրականում կապ ունեն քաղաքականության հետ որպես սուբյեկտ, ոչ թե օբյեկտ: Պետք չէ վախենալ քաղաքական սուբյեկտությունից: Քաղաքականության մեջ վախկոտները «մահանում» են մի քանի անգամ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22-05-2020 14:40